Մատչելիության հղումներ

Առաջադիմական կուսակցությունը միանում է «Բարգավաճ Հայաստանին»


Գագիկ Ծառուկյանի ելույթը Առաջադիմական կուսակցության համագումարում
Գագիկ Ծառուկյանի ելույթը Առաջադիմական կուսակցության համագումարում
Շաբաթ օրը տեղի է ունեցել Առաջադիմական կուսակցության համագումարը, որի ժամանակ կուսակցությունը որոշում է կայացրել միանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Համագումարին մասնակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով իր ելույթում ողջունել է Առաջադիմական կուսակցության այս որոշումը:

Նախօրեին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերից Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած կուսակցության վարչությունն այդ որոշումը կայացրել է ութ ամիս առաջ: Նա նաեւ ասել է, որ եթե համագումարը հաստատի որոշումը, ինքը պատրաստ է վայր դնել կուսակցության ղեկավարի լիազորությունները եւ շարունակել աշխատանքը ԲՀԿ-ի շարքերում:

Անցած մարտ ամսին Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահը հանդես էր եկել կառավարության հրատապ հրաժարականի անհրաժեշտության մասին հրապարակային հայտարարություններով:

«Մենք կողջունեինք, եթե մոտակա 20-25 օրերի ընթացքում կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հրաժարական ներկայացներ: Մենք կարծում ենք, որ ՀՀ-ում կգտնվի մարդ՝ ով տնտեսական այնպիսի քաղաքականություն կիրականացնի, որ երկրի շուկայի արտահանման հնարավորությունները վերջնականապես չփակվեն», - ասել էր Ուրիխանյանը:

Վերջինս հայաստանյան հանրությանը ծանոթ է նաեւ ժամանակին բավականաչափ աղմուկ հանած միջադեպով: 2008-ի մայիսին հայաստանյան մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ուրիխանյանը Երեւանի Տերյան փողոցում գազային ատրճանակից կրակել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա: Հարուցվել էր քրեական գործ: Ուրիխանյանն այն ժամանակ հավաստիացնում էր, թե իրավապաշտպան Միքայել Դանիելյանը փողոցում խուլիգանական արարքներ է թույլ տվել, եւ ինքն ու իր ընկերները ստիպված են եղել միջամտել: Դանիելյանը կտրականապես հերքել է Ուրիխանյանի մեղադրանքները եւ պնդել, որ կատարվածը հարձակում է իր դեմ: Քիչ ավելի ուշ քրեական գործը կարճվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG