Մատչելիության հղումներ

Գազի թանկացմանն ընդառաջ` թոշակների բարձրացում չի նախատեսվում


«Առաջիկա օրերին հայտնի կդառնա, թե ինչով կավարտվեն Հայաստանի կառավարության եւ ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության միջեւ ընթացող բանակցությունները, եւ ինչ գին է առաջարկելու «Գազպրոմ»-ը Հայաստան մատակարարվող գազի համար», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Օրերս գերմանական «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցում «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը վերահաստատել է, որ Հայաստանին գազ է մատակարարվելու շուկայական գներով: «Գազպրոմ»-ը նախատեսում է, որ այս տարի Եվրոպա մատակարարվող գազի միջին գինը կազմելու է 300 ԱՄՆ դոլար:

Անցած տարվա ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը 17 տոկոսով բարձրացրեց եւ 180 դոլար սահմանեց (մոտ 65 հազար դրամ) Հայաստան մատակարարվող 1000 խորանարդ մետր գազի սակագինը: Դրա արդյունքում բնակիչների կողմից սպառվող 1 խորանարդ մետր գազի գինը կազմեց 132 դրամ` նախկին 96-ի փոխարեն:

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց անփոփոխ թողնել աղքատության ընտանեկան նպաստի չափը: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի. - «2011 թվականի համար առաջարկվում է պետական նպաստները սահմանել նույն չափով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2010 թվականի մայիսի 1-ից արդեն իսկ ընտանեկան նպաստի բազային մասը բարձրացվել էր 3500 դրամով»:

Անցած տարվա ապրիլմեկյան թանկացումներից հետո կառավարությունը, գնաճային ճնշումները մեղմելու նպատակով, մայիսի 1-ից 3500 դրամով ավելացրեց սոցիալական նպաստների չափը, իսկ նոյեմբերի 1-ից 2600 դրամով ավելացրեց նաեւ կենսաթոշակը:

Այդուհանդերձ, 2010 թվականին գազի սպառումը նախորդ տարվա համեմատ նվազեց մոտ 20 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG