Մատչելիության հղումներ

Գազի շուկայական գներին անցումը կլինի «աստիճանական»


Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանին մատակարարվող գազի գինը կարգավորում է համաձայն 2008 թվականի հուլիսին կնքված պայմանագրի, որի համաձայն, յուրաքանչյուր գարուն գազի գինը վերահաշվարկվում է` ելնելով գազի եւ մազութի միջինացված գներից:

«Նմանատիպ հաշվարկ իրականացվում է արտերկրի մեր մեծ թվով գործընկերների հետ հարաբերություններում», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց «Գազպրոմ» ընկերության արտասահմանյան լրատվամիջոցների հետ կապերի դեպարտամենտի աշխատակից Օլգա Մորեւան:

Հարցին, թե արդյո՞ք ներկայումս միջազգային շուկայում նավթի գնի զգալի թանկացումը նշանակում է նաեւ Հայաստան մատակարարվող գազի սակագնի համարժեք աճ` Օլգա Մորեւան արձագանքեց, թե մոտեցումները տարբեր են լինում, եւ ամեն ինչ որոշվում է բանակցությունների արդյունքում:

2009 թվականից սկսած, գազի սակագնի աճին զուգընթաց, կապույտ վառելիքի սպառումը Հայաստանում ամեն տարի նվազում է շուրջ 20 տոկոսով: Արդյո՞ք «Գազպրոմ»-ը հաշվի է առնում թանկացման ազդեցությունը սպառման ծավալների վրա հարցին` ընկերության ներկայացուցիչը արձագանքեց. - «Միակ բանը, որ հաշվի ենք առնում, դա հարաբերակցությունն է նավթային զամբյուղին, որի հիման վրա էլ ձեւավորում ենք սակագինը արտերկրի սպառողների համար»:

Մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը փոխանցեց, որ անցումը շուկայական գներին կլինի աստիճանական, հաշվի կառնվի նաեւ գազի սպառման ծավալների նվազման գործոնը:

«Ներկայումս գործող սակագները ուժի մեջ են մինչեւ ապրիլի 1-ը», - հավելեց «ՀայՌուսգազարդ»-ի խոսնակը:

Օրերս գերմանական «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցում «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը վերահաստատել է, որ Հայաստանին գազ է մատակարարվելու շուկայական գներով` միաժամանակ հերքելով, թե մինչ այժմ այն իրականավում էր արտոնյալ պայմաններով:

«Հայաստանի հետ մենք պայմանավորվել ենք, որ ապագայում կանցնենք շուկայական գների: Առայսօր Երեւանը վճարում է իր գազային եւ էներգետիկ ընկերություններում ունեցած ակտիվներով, ուստի այսօրվա դրությամբ մեզ են պատկանում գազային ենթակառուցվածքների 80 տոկոսը, խողովակաշարերը, ստորգետնյա գազապահեստարանները եւ Հրազդանի ՋԷԿ-ի մի մասը», - ասել է Միլերը:

Անցած տարվա ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը 17 տոկոսով բարձրացրեց եւ 180 դոլար սահմանեց (մոտ 65 հազար դրամ) Հայաստան մատակարարվող 1000 խորանարդ մետր գազի սակագինը: Դրա արդյունքում բնակիչների կողմից սպառվող 1 խորանարդ մետր գազի գինը կազմեց 132 դրամ` նախկին 96-ի փոխարեն:

«Մի մոռացեք, որ վերջնական գնի մեջ ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն ներքին ծախսերը: Մենք աշխարհի ամենաանարդյունավետ, ամենավատ ընկերությունն ունենք` «ՀայՌուսգազարդ»-ը: Այնպես որ մեր վերջնական սպառողի վրա մանրածախ գինը այսօր [հազար խորանարդ մետր գազի համար] 380 դոլար է: Այս գնով մենք հիմա էլ ավելի թանկ ենք վճարում, քան գերմանացի սպառողը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Հրանտ Բագրատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG