Մատչելիության հղումներ

ԱԺ-ի երեք պատգամավորներ դատի են տվել «Հայկական ժամանակ»-ին


Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ Ռուբեն Հայրապետյանը դատի են տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին` պահանջելով հերքել թերթում հոկտեմբերին տեղ գտած հրապարակումներից մեկը:

Պատգամավորները, որոնք նաեւ հայտնի գործարարներ են, որպես իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում թերթից պահանջում են յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ: Ալեքսանյանը, Սարգսյանն ու Հայրապետյանը նաեւ 500-հազարական դրամ են պահանջում իրենց դատական ծախսերի փոխհատուցման համար: Այսինքն 3 պատգամավորները ընդհանուր առմամբ «Հայկական ժամանակ»-ից 7.5 միլիոն դրամ են պահանջում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը, խոսքը 2010-ի հոկտեմբերի 14-ի «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հրապարակման մասին է, որտեղ ասվել է, թե Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործերում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակը: Թերթի հրապարակման մեջ նշված են եղել նաեւ այս երեք պատգամավորների անունները:

«Դա ակնհայտ ապատեղեկատվություն է եւ ԶԼՄ-ի կողմից իր իրավունքների սահմանազանցում: Այս տեղեկությամբ պատգամավորների պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն է արատավորվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հայցվոր կողմի՝ Ալեքսանյանի, Սարգսյանի ու Հայրապետյանի փաստաբան Անահիտ Սարդարյանը:

Մինչդեռ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը ասաց, որ իրենք ունեն բոլոր հիմքերը հրապարակման իսկությունն ապացուցելու համար, իսկ հայցը նա որակեց որպես ընդդիմադիր թերթի դեմ ուղղված քայլ:

«Տվյալ հրապարակումից հետո իրենք հերքման պահանջ ներկայացրեցին խմբագրություն, օրենքով սահմանված կարգով մեր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխան նամակ ուղարկեց, որտեղ հիմքերն էին ներկայացվում, թե ինչու հերքումը չի տպագրվի: Իսկ հիմքերն այն են, որ մեր աղբյուրը հաստատում է, որ նման խոսակցություն եղել է, եւ իսկապես այդ անունները կան: Խնդրահարույց հրապարակումից հետո Սմբատ Կարախանյանը հարցազրույց տվեց մեր թերթին, մի քանի անգամ հաստատեց, որ ինքը իր խոսքերի տերն է, նույնիսկ խորհուրդ տվեց այդ պարոններին` եթե կասկածում են` իրենց անունները կան, թե չկան, թող դիմեն իրեն, ինքը նրանց բոլոր հարցերին կպատասխանի, կասկածները կփարատի: Բայց, ինչպես կարելի է հասկանալ, պարզապես թերթի դեմ հերթական քայլն է, որի համար այս անգամ գործիք են ընտրվել խոշոր օլիգարխները», - ասաց Աննա Հակոբյանը:

Նա կարծում է, որ «Հայկական Ժամանակ»-ի դեմ քայլերը հրահրվում են իշխանության վերին օղակներից:

«Համենայնդեպս, եթե ոմանք նման հայց նախաձեռնելով թերթի դեմ եւ խոշոր օլիգարխներին հանելով «Հայկական ժամանակի» դեմ, մտածում են, որ այդ ճանապարհով կարող են «Հայկական ժամանակ»-ին ընկրկել տալ կամ չգիտեմ` ինչ են երեւակայում, որ կհասնեն դրանով, ես կարող եմ ուղղակի երաշխավորել, որ իրենք չեն հասնի ոչնչի», - ասաց Հակոբյանը:

Սա վերջին մեկ տարվա ընթացքում «Հայկական Ժամանակ»-ի դեմ երկրորդ դատական հայցն է: Անցած տարի «պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման» պահանջով դատարան էր դիմել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` իրեն հասցված վնասը գնահատելով 16 միլիոն դրամից ավելի: Դատարանը հայցադիմումը բավարարել էր մասամբ, եւ «Հայկական ժամանակ»-ը ստիպված եղավ վճարել մոտ 3.5 միլիոն դրամ:

Քոչարյանի ընտանիքը վերջերս էլ «Ժամանակ» օրաթերթին էր դատի տվել` սեպտեմբերին տեղ գտած երեք հրապարակումների կապակցությամբ, որոնք առնչվում էին երկրորդ նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի եվ որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործունեությանը: Քոչարյանների ընտանիքը 6 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում օրաթերթից:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թերթի հրապարակած տեղեկությունները որակել էր սուտ եվ հավելել, որ եթե Քոչարյանների հայցը բավարարվի, ապա ինչ գումար էլ լինի, այն «փոխանցվելու է մանկատներից մեկին կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին»:

Մինչդեռ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը Քոչարյանի ընտանիքի հայցերը ընդդիմադիր թերթերի դեմ այլ ենթատեքստում է դիտարկում:

«Ես կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանի մոտ լրատվամիջոցների նկատմամբ առանձնահատուկ հակակրանքը չափ ու սահմաններ չի ունեցել: Այնպես, ինչպես նա 2002 թվականի ապրիլին վարվեց «Ա1+»-ի հետ, այնպես, ինչպես 2006-ին ինձ հետ վարվեց... Ես կարծում եմ, որ այդ պրակտիկան, այդ սովորույթը նրան հանգիստ չի տալիս», - ասաց Արման Բաբաջանյանը` հավելելով, թե դատարանը «շատ փոքր անաչառություն» դրսեւորելու դեպքում պետք է մերժի այդ հայցադիմումը, քանի որ նրանք «արդեն իրենց հիմնավոր առարկություններ ուղարկել են դատարան»:

Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հունվարի 20-ին:

please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG