Մատչելիության հղումներ

Բնապահպանները ահազանգում են Կապանում բաց եղանակով հանքի շահագործման նախագծի մասին


Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքը
Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքը

Հայ բնապահպանները մտահոգված են Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Դինո գոլդ մայնինգ» ընկերության կողմից բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագորման նախագծի առնչությամբ:

Բնապահպաններն ասում են, որ նախագծի իրականացման արդյունքում Կապան քաղաքի տարածքը կհայտնվի պայթեցումների, փոշու եւ թունավոր տարրեր պարունակող միլիոնավոր տոննա ապարների ազդեցության տակ: Ըստ նրանց` Կապանի Շահումյան թաղամասի հանքի` բաց եղանակով շահագործումը մեծ ռիսկեր է պարունակում տեղի բնակչության առողջության եւ կյանքի համար:

«Ծանր մետաղները չեն անհետանում, նրանք ուղղակի կուտակվում եւ հողի, եւ մարդկանց օրգանիզմի մեջ: Ոչ ոք չի հետազոտում` ինչ է կատարվում այդ մարդկանց մոտ: Մենք այնտեղ գնում ենք, տեսնում ենք փոքր երեխաներ, նույնիսկ ատամ չկա բերանի մեջ ու ոչ ոք չի ասում, սա ատամների հարց չէ, սա համակարգային հարց է», - երկուշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

Ըստ Զարաֆյանի` Սյունիքի մարզն առանց այն էլ աղետալի վիճակում է: Նա վկայակոչում է 2-3 տարի առաջ Գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտություններ» կենտրոնի ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն` Կապանում ջրի, հողի, սննդամթերքի աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանները:

«Դինո գոլդ մայնինգ» ընկերության կանադական սեփականատեր «Դանդի փրեշըս մեթըլս» կորպորացիան Շահումյանի հանքավայրի պաշարները գնահատում է 12.4 միլիոն տոննա, հանքի բաց շահագործման եղանակին անցնելը ընկերությանը հնարավորություն կտա արդյունահանման տարեկան ծավալները հասցնել մի քանի միլիոն տոննայի:

«Սա նշանակում է, որ հանքավայրը կշահագործվի ոչ թե 25 տարի, այլ 5-6 տարի, եւ դա նշանակում է, որ այդ աշխատատեղերը 5-6 տարուց հետո ուղղակի կոչնչանան», - ասաց Զարաֆյանը:

Նախագիծը դեռեւս մշակման փուլում է, այն դեռ չի ներկայացվել ոչ կառավարությանը, ոչ էլ բնապահպանական փորձաքննության, սակայն բնապահպանները մտահոգ են` վկայակոչելով Թեղուտի հանքավայրի շահագործման նախադեպը:

«Մենք կորցնում ենք Զանգեզուրը: Շուտով այս տարածքում չենք ունենա ոչ մի բնակիչ, մնացած բոլոր բնակիչներն էլ կտառապեն շատ ծանր հիվանդություններից: Մենք տվյալներ ունենք Քաջարանի կոմբինատից, արդեն իսկ մեծ թվով հիվանդ մարդիկ, երեխաներ, անոմալ ծնունդներ կան Քաջարանում: Այս ամենը ավելի սուր վիճակով տեղափոխում ենք Կապան», - ասաց 50 բնապահպանական կազմակերպություններ համախմբող «Էկոլոգիական հասարական դաշինք»-ի համակարգող Սիլվա Ադամյանը:

Բնապահպանները նամակով պատրաստվում են դիմել կանադացի ներդրողներին, Կանադայի վարչապետին, ինչպես նաեւ Եվրոպական զարգացման բանկին` նախագիծը չֆինանսավորելու խնդրանքով: Նրանց ներքին տեղեկատվության համաձայն` խոսքը 50 միլիոն դոլարի ներդրման մասին է:

Բնապահպանները անհանգստացած են, քանի որ նախագծի իրականացման արդյունքում հանքի տարածքում նաեւ մրգատու ծառեր են կտրվելու: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը վերջերս հայտարարել էր 7000 ծառերի հատման մասին: Մինչդեռ բնապահպանները այսօր հայտարարեցին, թե հատվելու է 50 000 ծառ:

«Սյունիքից մեր կոլեգաները նշում են` հստակ փաստեր կան, որ ընկերության փաստաթղթերում խոսվում է 50 հազար ծառի մասին, փոխհատուցումը տրվել է հենց 50 հազար ծառի համար, եւ տարօրինակ է, թե քաղաքապետը որտեղից է այդ թիվը վերցրել», - ասաց «Էկոդար» հկ-ի նախագահ Հրայր Սավզյանը:

Սավզյանի խոսքով` ծառերը հատելու կոնկրետ գործողությունների անցնելու դեպքում թե մայրաքաղաքի, թե Կապանի բնապահպան ակտիվիստները մտադիր են տեղում վրանային ճամբար կազմակերպել` թույլ չտալու ծառահատումները:

«Ուղղակի ֆիզիկապես թույլ չտանք, որ այդ ծառերը հատվեն, կարծում են, որ նրանք նույնիսկ չեն էլ սպասի հանրային լսումների, բնապահպանության նախարարության արձանգանքի կամ կառավարության համապատասխան որոշմանը: Քանի որ այսպես բացահայտ հայտարարում են, որ պետք է հատվի, այդ վտանգը կա», - ասաց բնապահպանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG