Մատչելիության հղումներ

Լրանում է Երեւանի պատմության թանգարանի հիմնադրման 80 տարին


Երեւանի քաղաքապետարանի շենքը, որտեղ գտնվում է մայրաքաղաքի պատմության թանգարանը:
Երեւանի քաղաքապետարանի շենքը, որտեղ գտնվում է մայրաքաղաքի պատմության թանգարանը:

Այս տարի լրանում է Երեւանի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակը:

Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ 1931 թվականին բացված թանգարանը գտնվում էր այսօրվա Սախարովի անվան հրապարակի Հրշեջ կամավոր ընկերության շենքում` զբաղեցնելով ընդամենը երկու սենյակ:

Ավելի ուշ տեղափոխվելով Կապույտ մզկիթ (Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց)` թանգարանը 56 տարի գործել է այդտեղ:

Իսկ հինգ տարի առաջ թանգարանը վերջապես պատշաճ տարածք ստացավ Երեւանի քաղաքապետարանի շենքում: Այցելուների թիվը, տնօրենի փոխանցմամբ, տարեցտարի աճում է. 2010 թվականին թանգարան է այցելել 12 հազարից ավելի մարդ:

Գրեթե 90 հազար ցուցանմուշ ունեցող թանգարանը հավուր պատշաճի է նախապատրաստվում հոբելյանին. ի թիվս այլ միջոցառումների, կանցկացվեն նաեւ հատուկ գիտաժողով ու հոբելյանական երեկո:

Վերջին տարիներին թանգարանը ուշագրավ գրահրատարակչական գործունեություն է ծավալել` հրատարակելով Երեւանի պատմությանը նվիրված գիտական եւ տեղեկատվական գրականություն:

Թանգարանի տնօրենը ցավով նշեց, որ վերջին տարիներին քանդվել են մի շարք արժեքավոր շինություններ. - «Կային շենքեր, որոնք, իհարկե, պահպանել հնարավոր չէր, բայց, անշուշտ, այդ շարքում տուժեցին նաեւ շենքեր, որոնք արժեր, որ պահպանվեին»:

«Երեւանը մեր բոլորի գուրգուրանքի առարկան պետք է դառնա», - զրույցի վերջում ասաց Արմինե Սարգսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG