Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը 2011 թվականը «բացառիկ» տարի է որակում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար


Կառավարությունը ֆինանսների նախարարության հետ 2010 թվականի բյուջեի կատարողականի նախնական ամփոփում է կատարել, այսօր գործադիրի այս տարվա առաջին նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Դեռեւս չունենք ԾԻԳ-երի հաշվետվությունները, որոնք կստանանք այս ամսվա ընթացքում։ Բայց եկամտային մասով ունենք Ազգային ժողովի կողմից հաստատված պետբյուջեի նկատմամբ 25 միլիարդ դրամի գերակատարում, ընդ որում` 20 միլիարդը միայն հարկային մուտքերի գծով է, ինչպես նաեւ ծախսային մասով ունենք 15 միլիարդի տնտեսում։ Սա նշանակում է, որ մեր մակրոտնտեսական պաշարներն ավելացրել ենք 2011 թվականի համար», - կառավարության նիստում հայտարարեց վարչապետը:

Վարչապետի խոսքով, կայունացման հիմնադրամի գումարները կազմում են 45 միլիարդ դրամ` ծրագրավորված 31 միլիարդի փոխարեն. - «Սա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ կառավարության կողմից տրամադրված վարկերն ավելի շուտ են վերադարձվել կառավարությանը։ Արդյունքում մենք մեր Կայունացման հիմնադրամում այս պահին ունենք 45 միլիարդ դրամ գումար»։

Վարչապետի որակմամբ, 2011 թվականը բացառիկ տարի է լինելու փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման առումով, քանի որ բանկերում վարկային ռեսուրսների տոկոսադրույքները 2-3 տոկոսով նվազել են, մեծացել է վարկերի ծավալը։ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, այժմ բանկերն են շահագրգռված վարկառուների ներգրավմամբ, քանի որ ունեն ազատ միջոցներ:

«Դա բացառիկ հնարավորություն է, որպեսզի նաեւ մենք մտածենք նախապատրաստելու փոքր բիզնեսին, որ իրենք վարկունակ լինեն, կարողանան բիզնես ծրագրեր ներկայացնել, որ այդ միջոցներից օգտվեն», - ասաց վարչապետը:

Գործադիրի ղեկավարի գնահատմամբ, այս տարվա համար արդյունաբերությունում տնտեսական աճ ապահովելու լավ նախադրյալներ կան:

Տիգրան Սարգսյանը հանձնարարեց նախարարներին, որպեսզի ներկայացնեն իրենց գերատեսչությունների գերակա խնդիրներն ու միջոցառումների ծրագրերը, բացի այդ մատնանշեց կառավարության գործունեության 2011 թվականի մի շարք առաջնահերթություններ:

«Առաջինը, իհարկե, ուղենիշայինը այն է, ինչը նախագահը մեզ հանձնարարել է. մենք պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկենք մեր տնտեսական համակարգը: Այդ առումով էական, ֆունդամենտալ ռեֆորմ ենք մենք սկսել 2010 թվականին, եւ դա համար 1 եւ լրջագույն ռեֆորմն է մեր կառավարության` դա կենսաթոշակային ռեֆորմն է: Երկրորդ լրջագույն ռեֆորմը դա պարտադիր ապահովագրությունն է, որը մենք սկսեցինք 2010 թվականին, եւ 11 թվականը այս ռեֆորմի համար բեկումնային է լինելու, որովհետեւ կձեւավորվեն պարտադիր ապահովագրության ինստիտուցիոնալ կառույցները», - մանրամասնեց կառավարության ղեկավարը:

Բարեփոխումների երրորդ ուղղությունը, վարչապետի խոսքով, հարկային եւ մաքսային վարչարարություններն են: Ցանկից դուրս չմնացին նաև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունն ու առողջապահությունը:

«Միջազգային կոռուցների գնահատականներով` 80 տոկոսով կոռուպցիոն ռիսկերը նվազեցին ծննդաբերության բնագավառում: Դա էական արդյունք է», - նշեց Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG