Մատչելիության հղումներ

Կոզեռնի բնակիչները համարժեք փոխհատուցում են պահանջում


Երեւանի Կոզեռն թաղամասի բնակիչները բողոքում են Կառավարության շենքի դիմաց
Երեւանի Կոզեռն թաղամասի բնակիչները բողոքում են Կառավարության շենքի դիմաց

Երեւանի Կոզեռն թաղամասի բնակիչները հինգշաբթի օրը Կառավարության շենքի դիմաց պահանջում էին իրենց սեփականություններին համարժեք փոխհատուցում տրամադրել:

Դեռ 2004 թվականից բացառիկ գերակա շահ ճանաչված Պռոշյան առաջին նրբանցքի (առավել հայտնի է Կոզեռն անունով) բնակիչներին զայրացրել է այդ տարածքում կառուցապատման մրցույթում հաղթող ճանաչված «Լոկալ դիվելոփերզ» ընկերության փոխհատուցման` երկու օր առաջ ուղարկված առաջարկը` 1 քմ-ի համար 300-350 դոլար: Այս գումարը տարիներ շարունակ իրացման գոտում ապրող մոտ 200 տների բնակիչները համարում են «ոչ համարժեք, ծիծաղելի եւ նվաստացուցիչ»:

2004-ից մինչ 2007 թվականը Կոզեռնում իրացման գործընթացը այդպես էլ չսկսվեց: Միայն 2007 թվականին Երեւանի քաղաքապետարանը կառուցապատողների մրցույթ հայտարարեց, որում հաղթող ճանաչվեց «Լոկալ դիվելոփերզ» ընկերությունը: Իսկ Կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ` սեփականության օտարման գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել 2011 թվականի հունվարի 1-ը:

«Ես ոչ մեկին բնակարան չեմ վաճառում, ես իմ հավաբնում ինձ ավելի լավ եմ զգում, քան էն 4 միլիոնով, որ պիտի առնենք իմ 6 հոգիանոց ընտանիքով ու չգիտեմ` ուր գնանք», - ասաց Կառավարության շենքի դիմաց իր բողոքն արտահայտող բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ առաջարկվող չնչին փոխհատուցումով «նույնիսկ Երեւանի մերձակա շրջաններում տուն չեն կարող գնել»:

«Էդ գներով Ապարանում կամ Շամշադինում ցորենի արտ չեն ծախում», - ավելացրեց մյուսը:

Երեւանի կենտրոնում` Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցներով պարփակված տարածքում ապրող բնակիչներն ասում են, թե գիտակցում են, որ իրենց տարածքը «յուղալի պատառ» է գործարարների համար, եւ պահանջում են համարժեք փոխհատուցում` տվյալ տարածքում իրենց բնակմակերեսին համապատասխան տարածք:

«Տեղում եթե բնակարան հատկացնեն, խնդրեմ, թող քանդեն, ինչ ուզում են` անեն», - ասաց Կոզեռնի բնակիչներից մեկը:

«Համայնք եւ իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ, Կոզեռնի բնակիչ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանն ասում է, թե համարժեք փոխհատուցումը «ոչ միայն իրենց, այլ նաեւ օրենքի պահանջն է»:

«Դրամական փոխհատուցումը չի բխում մեր շահերից, մենք այն ի սկզբանե մերժել ենք եւ շարունակելու ենք մինչեւ վերջ պնդել մեր առաջարկը` տեղում կառուցապատել շենք եւ մեզ բնակարանով ապահովել», - ասաց Մկրտչյանը:

Այսօր Կոզեռնի երկու բնակչի ընդունեց Կառավարության քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում խոսքով առաջիկա օրերին Երեւանի քաղաքապետարանում կամ Կառավարությունում կկազմակերպվի քննարկում կառուցապատող ընկերության եւ իրացման գոտու բնակիչների միջեւ:

Կառավարության նիստից հետո Կոզեռնի բնակիչներին լսեց նաեւ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով խոստացավ ծանոթանալ խնդրին եւ անդրադառնալ դրան:

Ավելի ուշ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում «Լոկալ դիվելոփերզ» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, որին է պատկանում նաեւ «Հ2» հեռուստաընկերությունը եւ «Տոյոտա Երեւան» ընկերությունը, անդրադառնալով Կոզեռնի բնակիչների իրեն հասցեագրված բողոքներին, ասել է, թե գումարին առաջարկ արել է օրենքով սահմանված ընթացակարգերը պահպանելու համար:

«Ո՞վ ասաց, որ գումար պիտի վերցնեն, կարող են նույն տեղում բնակարան ուզել` որպես կոմպենսացիա», - ասաց Մայրապետյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG