Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատվել է Երեւանի գլխավոր ճարտարապետը


Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյան
Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյան

Աշխատանքից ազատվել են Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, երկու պաշտոնյաները ազատվել են սեփական դիմումների համաձայն:

Հարցին, թե ովքե՞ր են նշանակվելու նրանց փոխարեն, Շուշան Սարդարյանը պատասխանեց. - «Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնը կարող է զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող համապատասխան պահանջները բավարարող անձը: Ըստ գործող կարգի, արդյունքների մասին կտեղեկացվի 7 աշխատանքային օրվա ընթացքում»:

Երեքշաբթի օրը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Էդուարդ Մուշեղյանին: Տվյալ վարչական շրջանի նախկին ղեկավար Համլետ Մարգարյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:

Նույն օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը չէր բացառել կադրային փոփոխությունները քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում:

«Որեւէ կադրային փոփոխություն ինքնանպատակ չէ եւ պայմանավորված է աշխատանքի արդյունավետության անհրաժեշտությամբ: Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա չենք բացառում, որովհետեւ ներկայումս մշակվում է քաղաքապետարանի աշխատակազմի նոր կառուցվածքը, որը առաջիկայում կներկայացվի ավագանուն: Այդ կառուցվածքում ենթադրաբար փոփոխություններ կլինեն», - ասել էր Սարդարյանը` հավելելով, որ գործընթացը թափանցիկ կլինի եւ դրա վերաբերյալ տեղեկատվությունը ավելի ուշ կներկայացվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG