Մատչելիության հղումներ

Արագածոտնում քվեարկությունը կեղծելու մեղադրանք է առաջադրվել 3 անձի


Հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Արագածոտն մարզի Ճարճակիս համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 3 անձի առաջադրվել է մեղադրանք՝ քվեարկության արդյունքները կեղծելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. դեկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների ավարտից հետո ընտրություններում պարտված համայնքի ղեկավարի թեկնածու Քյարիմ Խուդոյանի եղբայրը՝ Վրաստանի քաղաքացի Քյազիմ Խուդոյանը, համախոհների հետ մտել է ընտրատեղամաս եւ հափշտակել քվեատուփը` չենթարկվելով տեղամասը հսկող ոստիկանների հրահանգներին եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելով:

Քյազիմ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով եւ 316-րդ հոդվածի առաջին մասով, Խատուն Նադոյանին եւ Մարիամ Խուդոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Քյազիմ Խուդոյանի եւ Խատուն Նադոյանների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Մարիամ Խուդոյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG