Մատչելիության հղումներ

ՀՌԱՀ-ը «Ա1+»-ին կտրամադրի երկու հեռուստաընկերությունների մրցութային փաթեթների պատճենները


ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատարան

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հունվարի 20-ին «Ա1+»-ին կտրամադրի «Արմնյուզ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային փաթեթների պատճենները:

ՀՌԱՀ-ի եւ «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության ներկայացուցիչները այս պայմանավորվածությունը ձեռք բերեցին երեքշաբթի օրը Վարչական դատարանում` դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ սկսված «Ա1+»-ի ներկայացրած հայցի քննության նախնական նիստում:

«Ա1+»-ը դեկտեմբերի 16-ին կայացած թվայնացման մրցույթի ավարտից եւ արդյունքների հրապարակումից հետո ՀՌԱՀ-ից պաhանջել էր տրամադրել «Արմնյուզ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային առաջարկների կրկնօրինակները: Սակայն հանձնաժողովը պատասխանել էր, թե աշխատում է դրանց վրա եւ կարող է տրամադրել միայն հունվարի 20-ից հետո:

Թվային հեռարձակման մրցույթում արտոնագիր չստացած «Ա1+»-ը դեկտեմբերի 20-ին դիմեց Վարչական դատարան` միջնորդելով պարտավորեցնել ՀՌԱՀ-ին կատարել օրենքով իրեն վերապահված պարտավորությունները եւ տրամադրել երկու հեռուստաընկերությունների մրցութային առաջարկների պատճենները:

«Մելտեքս» ՍՊԸ-ի շահերի պաշտպան Ալեքսանդր Սահակյանը դատական նիստի ժամանակ ներկայացրեց հայցի էությունը, պահանջն ու հիմքերը` ընդգծելով, թե ՀՌԱՀ-ը փաթեթները տրամադրելու ժամկետ է նշել «2011 թվականի հունվարի 20-ից հետո, ինչը անորոշ է եւ կարող է ձգվել անվերջ»: Ըստ Սահակյանի` այդ կերպ խախտվել է հայցվորի տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Պատասխանող կողմը ներկայացնող ՀՌԱՀ-ի Աշխատակազմի լիցենզավորման եւ իրավաբանական բաժնի պետ Արտակ Սարգսյանը իր խոսքում ընդգծեց, թե ՀՌԱՀ-ը չի մերժել տրամադրել փաթեթների կրկնօրինակները, ընդամենը «ողջամիտ» ժամկետ է նշանակել` հունվարի 20-ից հետո: Արտակ Սարգսյանը հայտարարեց, թե իրենք պատրաստ են փաթեթը տրամադրել հենց հունվարի 20-ին:

Դատարանը ընդմիջում նշանակեց, որպեսզի հայցվոր կողմը քննարկի այս առաջարկը: Ընդմիջումից հետո կողմերը հայտարարեցին, թե համաձայնության են եկել:

Սրանից հետո դատարանը գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված եւ դատաքննության օր նշանակեց հենց հունվարի 20-ին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե ՀՌԱՀ-ը պատրաստ էր փաթեթների պատճենները տրամադրել հունվարի 20-ին, ինչո՞ւ էր գրավոր պատասխանում նշել անորոշ ժամկետ` հունվարի 20-ից հետո, ՀՌԱՀ-ի ներկայացուցիչը պատախանեց. - «Հունվարի 20-ից հետոն չէր նշանակում ինչ-որ անորոշ ժամկետ, քանի որ նախատեսում էինք, որ եւս մեկ դիմում կլինի հունվարի մոտակայքում, ասենք, 15-ին, 18-ին կամ 20-ին, որից հետո կտրամադրվեին այդ փաստաթղթերը: Հունվարի 20-ից հետո դա այն ժամկետն էր, որ մինչեւ այդ օրը ՀՌԱՀ-ը պատրաստ չէր տրամադրել»:

Նիստից հետո «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը հայտարարեց, թե ձեռք բերված համաձայնությունը մասամբ է բավարարել իրենց պահանջը:

«Որովհետեւ մենք ավելի շուտ էինք ուզում, ձգձգվեց ժամանակը, ամսի 20-ն էլ բավարարում է մեր պահանջը», - ասաց Մովսեսյանը:

«Մելտեքս» ընկերությանը այս փաթեթները ամբողջությամբ անհրաժեշտ են ապացուցելու համար, որ «Արմենիա» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունները մրցույթին մասնակցել են ակնհայտ խախտումներով, որ հակասություններ եւ համընկնումներ են եղել երկու հեռուստաընկերությունների ներկայացրած առաջարկներում: Այս առաջին հայցադիմումով «Ա1+»-ը հող է նախապատրաստում ՀՌԱՀ-ի դեմ իր հետագա հայցերի համար, որոնք Մեսրոպ Մովսեսյանը չցանկացավ մանրամասնել:

«Բազմաթիվ հայցադիմումներ կան, ֆիքսված խախտումներ կան, որոնց պատասխանը դեռ առջեւում է», - ասաց Մովսեսյանը:

Իսկ «Մելտեքսի» շահերի պաշտպան Ալեքսանդր Սահակյանը սա «հաղթանակ» որակեց այն առումով, որ ՀՌԱՀ-ի նշած վերացական ժամկետը ճշգրտվեց:

«Այդ օրը [հունվարի 20-ին] պատասխանող կողմը մինչեւ դատական նիստը կներկայացնի մրցութային փաթեթները, մենք մեր միջոցներով փաթեթի բոլորը էջերը կպատճենահանենք ու դատական նիստին կհայտարարենք, որ մեր կողմից պահանջը փաստացի կատարվել է պատասխանողի կողմից, եւ խնդրում ենք գործի վարույթը կարճել», - տեղեկացրեց Սահակյանը:

«Ա1+»-ը ընդդեմ ՀՌԱՀ-ի
please wait

No media source currently available

0:00 0:02:19 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG