Մատչելիության հղումներ

Միջադեպ Իջեւանի զորամասերից մեկի հրամանատարի եւ քաղաքացիների միջեւ


Իջեւանի տարածաշրջանի զորամասերից մեկի անցագրային կետի մոտ դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, տեղի է ունեցել միջադեպ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի եւ մի քանի քաղաքացիների միջեւ: Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից:

Նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հարուցված է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով: Գործը հարուցվել է «զորամասի հրամանատարի եւ մի խումբ քաղաքացիների միջեւ վիճաբանության փաստի առիթով»:

Ձերբակալվածներ կամ կալանքի տակ գտնվողներ այս պահի դրությամբ չկան, կատարվում է նախաքննություն:

Հանգամանքների վերաբերյալ այլ տեղեկություններ պաշտոնապես չեն հաղորդվում:

Նախնական լուրերի համաձայն, վիճաբանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մի քանի երիտասարդ բնակիչներ գնացել են զորամաս` իրենց ծանոթներից մեկին տեսնելու համար: Վիճաբանության հետեւանքով երիտասարդներից մեկը՝ 20–ամյա Տարոն Ենգիբարյանը, տեղափոխվել է հիվանդանոց եւ արդեն մեկ շաբաթ անգիտակից վիճակում գտնվում է Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր գանգուղեղային վնասվածքով։

Միջադեպի վերաբերյալ տեղեկությունները հակասական են։ Մասնավորապես, Տարոն Ենգիբարյանի պապը՝ Գրիգոր Ենգիբարյանը Գետահովիտ գյուղում «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ անցագրային մուտքի մոտ զորամասի հրամանատարը նկատել է նրանց եւ հայհոյանքներով ու սպառնալիքներով պահանջել լքել այդ տարածքը, ծագել է վիճաբանություն՝ «տվել են իրար»։

Գրիգոր Ենգիբարյանի տեղեկություններով, երբ տղաները նստել են մեքենան եւ փորձել են հեռանալ, հրամանատարը՝ Սերգեյ Կարապետյանը, կրակել է մեքենայի անվադողերին, հետո պահանջել է նրանց բերել զորամասի շենքի երկրորդ հարկում տեղակայված իր սենյակ։ Սենյակում, հարազատների խոսքով, հրամանատարը շարունակել է մոլեգնել, կրակել է սենյակի պատերին, ինչից վախեցած երիտասարդները երկրորդ հարկի լուսամուտից դուրս են ցատկել։

«Բոլորը թռել են, հիմա մեկի ոտքն է կոտրվել, մեկի կողը, մեր երեխային էլ՝ գլուխը։ Մահամերձ է եղել՝ հիմա ամսի 31–ից լացուկոծով ենք...», – պատմեց Տարոն Ենգիբարյանի պապը։

Միջադեպի արդյունքում ամենածանր վնասվածքները ստացել է Տարոն Ենգիբարյանը։ Զորամասի զինվորականները նրան անմիջապես տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց, որտեղից էլ մոտ կես ժամ անց երիտասարդը տեղափոխվել է Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ Սամվել Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ երիտասարդի վիճակը ծանր է։

«Հիմա գտնվում է արհեստական շնչառության ապարատի տակ, ունի ծանր գանգուղեղային տրավմա», – նշեց բժիշկը՝ հավելելով, որ երիտասարդի վրա արտաքինից բռնության հետքեր չեն նկատվում։

Պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ միջադեպի հետեւանքով վնասվածք է ստացել նաեւ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանը:

Նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քննությունը կպարզի մանրամասները, եւ հանրությանը կոչ արեց մինչեւ նախաքննության ավարտը ձեռնպահ մնալ կանխակալ մեկնաբանություններից:

Առայժմ չի հաղորդվում նաեւ` զենքի կիրառման փաստ եղել է, թե ոչ, եւ արդյո՞ք վիճաբանության մասնակիցները սթափ վիճակում են եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG