Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվեց Ս. Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ եւ տրվեց Սուրբ Ծննդյան Ավետիսը: Ընդունված ավանդույթի համաձայն, Ճրագալույցի պատարագից մարդիկ տուն են վերադառնում` իրենց հետ տանելով եկեղեցում վառած մոմեր, ճրագներ:
Հիգշաբթի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագիչը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն էր:
«Այսօր ձեզ համար Դավթի քաղաքում ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է: Ուրախաբեր այս լուրը ավելի քան երկու հազար տարիներ առաջ տրվեց Բեթղեհեմի հովիվներին, եւ պայծառ աստղը Բեթղեհեմի երկնքում առաջնորդեց արեւելքի մոգերին, ովքեր ելան Տիրոջը փնտրելու եւ գտան խանձարուրի մեջ պարուրված Մանկանը ու ճանաչեցին, որ Տերն է, Փրկիչն Աշխարհի», - ասաց Վեհափառ Հայրապետը` շարունակելով. - «Քրիստոսի Ծնունդը այսօր եւս հրավեր է մեզ, բոլոր մարդկանց ու ժողովուրդներին` մոգերի ու հովիվների նմանությամբ գնալու դեպի Փրկիչը, Մարդասեր ու Բարերար Տերը: Տիրոջը փնտրել նշանակում է ընթանալ դեպի Աստված, ընդունել Նրա փրկարար կամքը, հետեւել Նրան։ Տիրոջը փնտրել նշանակում է հանդիպել, տեսնել Նրան մարդկանց կերակրելիս, բժշկելիս, մխիթարելիս. հույս, հավատ ու կյանք պարգեւելիս»:
Անցյալում Հիսուսի ծննդյան օրը բոլոր քրիստոնյա եկեղեցիները նույն օրն էին նշում` հունվարի 6-ին: Բայց 451 թվականից ի վեր կաթոլիկ եկեղեցին սկսեց այն նշել դեկտեմբերի 25-ին, քանի որ դեռ հեթանոսական ժամանակներից դեկտեմբերի 21-25-ը նշվում էին Սատուրնական տոները, որոնք եզրափակվում էին Արեւի աստծուն նվիրված մեծ տոնակատարությամբ, որը եւ փոխարինվեց Փրկչի ծննդյան տոնակատարությամբ:
Մինչդեռ Հայ Առաքելական եկեղեցին ավանդապահ է մինչեւ մեր օրերը: Եվ հավատարիմ ավետարանիչներին` շարունակում է հունվարի 6-ին նշեց Քրիստոսի ծնունդը:
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է նաեւ Հիսուս Քրիստոսի Սուրբ Մկրտությունը, ուստի Սուրբ Պատարագին հետեւում է Ջրօրհնեքի արարողությունը:
«Ճշմարիտ, աստվածօրհնյալ այս կյանքով են ապրել արդարները, մարգարեներն ու առաքյալները, հավատքի համար նահատակները, երանելիներն ու բարեպաշտները եւ որպես փարոս` դարերի մեջ լուսավորել դեպի Աստված մարդկության ուղին։ Արդի դարը, որ բնորոշվում է ավելի նյութապաշտությամբ ու աշխարհիկությամբ, առավել կարիքն ունի հոգեւոր ներուժի, աներկմիտ հավատքի, դարձի` դեպի Քրիստոսապատվեր հոգեւոր-բարոյական արժեքները, որոնցով իմաստավորվում է կյանքը եւ հաստատվում իր նպատակի` դեպի Աստված ընթացքի մեջ: Երկյուղենք մեր պարտքի ու պատասխանատվության մեջ թերանալուց, կեղծիքից ու անարդարությունից, նույնքան նաեւ` անտարբերությունից», - նշեց Գարեգին 2-րդ կաթողիկոսը` եզրափակելով. - «Այսօր ավետաբեր հրեշտակի ձայնն է հնչում մեր հոգիներին. «ծնվեց ձեզ Փրկիչ, որ օծյալ Տերն է»։ Ելնենք Տիրոջն ընդառաջ` ինչպես մոգերն ու հովիվները, Բեթղեհեմյան մսուր դարձնենք մեր հոգիները` ընդունելու Մանուկ Հիսուսին։ Նորածին Փրկչի սնարի առջեւ աղոթք բարձրացնենք, որ երկնային շնորհներով զորանան երկրի վրա խաղաղության, մարդկանց մեջ հաճության ուղիները, եւ մեր կյանքից չպակասի Աստծո ներկայությունը սրտով զգալու եւ հոգով ճանաչելու զորությունը, որպեսզի միշտ ցնծան մեր հոգիները, եւ մեր շուրթերը փառաբանությամբ հնչեցնեն շնորհաբեր բարի լուրը. Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ: Ձեզ և մեզ մեծ աւետիս։ Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեանն. Ամէն»։
Հունվարի 6-ի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվում է Ջրօրհնեք:
Առնչվող թեմաներով
Ուղիղ հեռարձակում