Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովների ղեկավարները ամփոփեցին տարին


Երկուշաբթի օրը խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները ճեպազրույցների միջոցով ամփոփեցին անցնող տարին:

Ազգային ժողովի 12 հանձնաժողովներից 6-ի ղեկավարները հանդիպեցին լրագրողների հետ եւ ներկայացրին, թե 2010 թվականին քանի օրինագիծ են քննարկել, եւ դրանցից քանիսն են ընդունվել Ազգային ժողովի լիագումար նստաշրջանում: Նրանք հիմնականում դրական գնահատեցին տարվա ընթացքում կատարված աշխատանքը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ի թիվս այլ օրենքների, խոսեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի մասին:

Այս օրենքի դեմ բազմաթիվ դժգոհություններ եղան, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը նաեւ բողոքի ակցիա անցկացրեց: Չնայած դրան, Գագիկ Մինասյանը կարծում է, որ ընդունված օրենքն իր առանձնահատկություններով գործելու է ի նպաստ հասարակության բոլոր անդամների շահերին: Նա նաեւ իր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց չանել այնպիսի քայլեր, որոնք «կարող են պրոբլեմներ ստեղծել հասարակության անդամների համար»:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանն անդրադարձավ «Փաստաբանների մասին» օրենքի նախագծին, որի առնչությամբ լուրջ դժգոհություններ է հայտնել Փաստաբանական պալատը:

«Այստեղ պրոբլեմ կա, կա կոնցեպտուալ երկու մոտեցում, որոնք իրար հետ համահունչ չեն: Մեկը այն մոտեցումն է, որ փաստաբանի գործունեությունը ֆինանսական գործունեություն է եւ ենթակա է հարկման ճիշտ այնպես, ինչպես ֆինանսատնտեսական գործունեություն վարող ցանկացած այլ կազմակերպություն: Մյուս մոտեցումը այն մոտեցումն է, ըստ որի փաստաբանական գործունեությունը առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունն է», - փաստաբանների շրջանում առկա դժգոհությունները բացատրեց Սաֆարյանը:

Այս օրենքի քննարկումները կվերսկեն հաջորդ տարի:

Այս տարի մեծ հնչեղություն ստացան Կրթության, գիտության հանձնաժողովի տիրույթում գտնվող «Լեզվի» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում լրացումներն ու փոփոխությունները, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները: «Լեզվի մասին» օրենսդրական փաթեթի փոփոխությունները Հայաստանի նախագահը դեռ պետք է վավերացնի, մինչ այդ «Ժառանգություն»-ը եւ օրենքի փոփոխություններին դեմ դուրս եկած քաղաքացիական նախաձեռնության անդամները պահանջում են վետո դնել օրենքի վրա:

Հանձաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է` նախագահը չստորագրի ընդունված օրենքները, ասաց. - «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ այդ իրավունքը նախագահի իրավունքն է: Թե Նախագահն ինչպես կվարվի, մի քանի օր հետո ականատես կլինենք»:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը փոփոխելուց հետո Հայաստանի նախագահի հանձնարարականով Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային խումբ ձեւավորեց օրենքի նորից եւ հիմնովին փոխելու նպատակով: Այդ աշխատանքները դեռ չեն ավարտվել, բացի այդ հայտնի է դարձել, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Արտակ Դավթյանը վստահեցրեց, որ սկսված աշխատանքները չեն ընդհատվի:

«Մեր գործընկերոջ նշանակմամբ մենք բոլորս հպարտանալու առիթ ունենք, որովհետեւ նրա աշխատանքը տեսել եւ կարեւորել են նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է առաջարկություններին, ապա առաջարկությունները ծնվել են հկ-ների, լրատվական դաշտի կողմից, եւ մենք գիտենք, թե հիմնականում որ հարցերն են, որ ավելի շատ վիճարկելի են: Հիմնական առաջարկությունները եւ փոփոխությունները պետք է միտված լինեն որոշակի, հավասարակշռված եւ պատշաճ հիմնավորված նախագիծ ներկայացնելուն», - ասաց Դավթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG