Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը ետ է կանչում գյուղատնտեսության նախարարին


Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյան
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյան
«Օրինաց երկիր» կուսակցությունը գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ետ է կանչում Գերասիմ Ալավերդյանին: Այդ մասին երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա հայտնեց, որ այդ որոշումը «Օրինաց երկիր»-ի քաղխորհուրդը կայացրել է կիրակի օրը` հաշվի առնելով արձանագրված տնտեսական ցուցանիշները. - «Կուսակցության քաղաքական խորհուրդը, քննարկելով գյուղատնտեսության նախարարի գործունեությունը, որոշում է կայացրել նրան ետ կանչել իր զբաղեցրած պաշտոնից` հաշվի առնելով, իհարկե, արձանագրված տնտեսական ցուցանիշները, որի վրա իր բացասական ազդեցությունը թողեց ե'ւ ֆինանսատնտեսական ճգնաժամը, ե'ւ բնակլիմայական պայմանները, բայց, բոլոր դեպքերում, մենք կայացրել ենք քաղաքական վճիռ` ետ կանչել գյուղատնտեսության նախարարին»:

«Այս որոշման հետ կապված` ես քննարկումներ եմ ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, եւ նրա հետ խորհրդակցելուց հետո մենք, փաստորեն, կայացրեցինք այդ որոշումը», - ասաց Բաղդասարյանը:

Հարցին, թե արդյոք ճնշումների արդյունքո՞ւմ է «Օրինաց երկիր»-ը ետ կանչել իր նախարարին, նա արձագանքեց, թե «Օրինաց երկիր»-ի վրա ճնշում գործադրելը դյուրին չէ, եւ բացի այդ` կուսակցությունը այսօր իր գործընկերների հետ գտնվում է քաղաքական երկխոսության դաշտում:

«Ես իմ խոսքում ասացի, որ դա մեր քաղաքական թիմի որոշումն է, բայց քանի որ Հայաստանի Հանրապետության նախագահը ընդհանուր քաղաքական ղեկավարն է այսօր մեր երկրի, բնականաբար, այդ որոշումը ես քննարկել եմ նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ: Գտնում եմ, որ դա ճիշտ մոտեցում է, եւ ավելին` նաեւ այն նոր թեկնածուին, որ մենք կառաջարկենք, անպայման կանցկացնենք խորհրդակցություններ հանրապետության նախագահի հետ, որպեսզի մենք կարողանանք գյուղատնտեսության ոլորտում ներկայացնել այնպիսի թեկնածություն, որը ունենա ե'ւ բավարար կրթվածություն, ե'ւ փորձառություն, եւ կարողանա այս ոլորտը առաջ տանել», - հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Նա ասաց, որ կուսակցությունը ունի մի քանի թեկնածուներ, որոնց անունները չի կարող հրապարակել, քանի որ որոշումը պետք է ընդունվի երկարատեւ քննարկումների արդյունքում:

«Հունվարի 10-ին առաջին աշխատանքային օրն է, եւ մենք կարծում ենք, որ հենց Նոր տարին, նոր աշխատանքային օրը կսկսենք գյուղանտեսության ոլորտում նոր նախարարով», - նշեց «Օրինաց երկիր»-ի առաջնորդը:

Գերասիմ Ալավերդյանը գյուղատնտեսության նախարար է նշանակվել 2009 թվականի մայիսին, երբ Դաշնակցության` իշխող կոալիցիայից դուրս գալուց հետո այդ պաշտոնը անցավ «Օրինաց երկիր» կուսակցությանը:

Ալավերդյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը տարածվել էին մի քանի շաբաթ առաջ, երբ աշխատանքից ազատվեցին արդարադատության, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները: Նա, սակայն, պարբերաբար բացառում էր աշխատանքից ազատվելու հնարավորությունը: Անգամ անցած ուրբաթ` «Օրինաց երկիր»-ի որոշումից ուղիղ երկու օր առաջ, գյուղատնտեսության նախարարը իր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, թե իր հրաժարականի մասին լուրերը անհիմն են:

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով իր հրաժարականի պատճառներին վերաբերող հարցին, Գերասիմ Ալավերդյանը ասաց, թե դա եղել է իր սեփական որոշումը` նախօրեին «Օրինաց երկիր»-ի քաղխորհրդի նիստում հանդես է եկել հաշվետվությամբ, որից հետո սեփական որոշման համաձայն հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Մենք ակնկալում էինք տնտեսական աճ, եղավ տնտեսական անկում 14.5 տոկոս, եւ հաշվի առնելով այն, որ այսօր տնտեսությունում, բնականաբար, կա լուրջ անկում, ես իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել», - նշեց նա:

Գյուղատնտեսության ոլորտում տնտեսական անկման մեջ իր մեղավորությանը վերաբերող հարցին Ալավերդյանը արձագանքեց. - «Ես մեղավորներ ման չեմ գալիս: Իհարկե, եթե ես ոլորտի թիվ մեկ պատասխանատուն եմ, բնականաբար, ես իմ վրա վերցնում եմ նաեւ մեղքի որոշակի բաժին»:

«Այսինքն, ի՞նչ պետք է անեիք, որ չեք կարողացել անել», - այս հարցին նա պատասխանեց. - «Ապահովել տնտեսական աճ` չեմ ապահովել»:

Իսկ թե ի՞նչ է խանգարել իրեն ավելի լավ կառավարել ոլորտը եւ ո՞րն էր գլխավոր խնդիրը` Գերասիմ Ալավերդյանը ասաց. - «Ճիշտն ասած, այդպիսի լուրջ խնդիրներ չկան խանգարելու, ես ասեմ` խանգարեցին բնակլիմայական պայմանները, խանգարեցին ժամանակը, խանգարեց ճգնաժամը»:

Հիշեցմանը, որ ուրբաթ օրը իր վերջին ասուլիսում անհիմն էր որակել իր պաշտոնանկության մասին տեղեկությունները, Ալավերդյանը արձագանքեց. - «Ես մինչեւ ուրբաթ օրը մտածել եմ, խորհել եմ, եւ երբ որ արդեն հաշվետվությունը ներկայացրել եմ քաղաքական խորհրդին, այնտեղ արդեն վերջնականորեն ես որոշել եմ: Ես մինչեւ այդ որոշում չէի ընդունել»:

«Այսինքն, կուսակցությունը կամ Արթուր Բաղդասարյանը ձեզ չի ասել, որ պետք է հրաժարական տաք», - այս հարցադրմանը նա պատասխանեց. - «Իհարկե ոչ: Եթե Արթուր Բաղդասարյանը ինձ առաջադրել է նախարարի, ապա ինչո՞ւ պետք է ասի` «հրաժարական տուր»: Եթե ես ինքս եմ տեսնում, որ ես պետք է հրաժարական տամ»:

«Սա որոշում է, իմ քաղաքական թիմի որոշումն է», - ասաց Ալավերդյանը եւ տեղեկացրեց, որ պատրաստվում է զբաղվել կուսակցական աշխատանքներով. - «Կուսակցության զինվորն եմ` իմ թիմի համար, զբաղվելու եմ կուսակցական աշխատանքներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG