Մատչելիության հղումներ

Նախագահի ընդդիմադիր թեկնածուն իբրեւ կասկածյալ է ներգրավվել Մինսկում զանգվածային անկարգությունների գործով


Բելառուսի ընդդիմադիրների բողոքի ակցիան Մինսկում
Բելառուսի ընդդիմադիրների բողոքի ակցիան Մինսկում
Զանգվածային անկարգություններ հրահրելու հատկանիշներով հարուցված քրեական գործում իբրեւ կասկածյալ է ներգրավել է նաեւ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Ալես Միխալեւիչը: Ինչպես տեղեկանում ենք թեկնածուի պաշտոնական կայքէջից, նա շարունակում է մնալ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում:

Միխալեւիչի փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալի նախնական կալանքի ժամկետը լրանում է վաղը՝ լուսադեմին:

«Եթե մինչ այդ նրան ազատ չարձակեն, դա կարող է նշանակել, որ նրան նաեւ անկարգությունների կազմակերպման պաշտոնական մեղադրանք է առաջադրվել», - կարծում է փաստաբանը:

Հատուկ միջոցների, ծեծի եւ բռնությունների միջոցով ընդդիմության բողոքի ակցիան ցրելիս, ոստիկանությունը նաեւ 600-ից ավելի մարդու էր բերման ենթարկել: Նրանց հիմնական մասը երեկ դատապարտվեց վարչական պատասխանատվության՝ 5-ից 15-օրյա կալանքի:

Մինսկի ոստիկանության խոսնակը այսօր հայտարարել է, որ վարչական կալանքից բացի, դեկտեմբերի 19-ի երեկոյան Մինսկի կենտրոնում անցկացված չարտոնված հանրահավաքի մասնակիցները կարող են նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվել:

Մինսկում, սակայն, բողոքի ալիքը կարծես թե չի մարում. ընդդիմության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ երեկ երեկոյան բողոքի ակցիա են անցկացրել այն մեկուսարանի մոտ, որտեղ պահվում են իրենց համախոհները: Ընդդիմության ներկայացուցիչները լրագրողներին տեղեկացրել են, որ այդ ակցիայից հետո ոստիկանները իրենց ընկերներից մեկին ձերբակալել են: Այդ հավաքին մասնակցել են նաեւ ժամանակավոր պահման մեկուսարանից նախօրեին ազատ արձակված՝ «Հանուն ազատության» շարժման առաջնորդ, 2006-ին ընդդիմության միասնական թեկնածու Ալեքսանդր Միլինկեւիչն ու նախագահի նախկին թեկնածու Գրիգորի Կոստուսեւը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, ակցիային տարբեր մինչեւ 100 մարդ է մասնակցել: Նրանք մոմեր են վառել, երգել են եւ հնչեցրել «Կեցցե՛ Բելառուսը» կոչը: Հավաքվածները իշխանություններին կոչ են արել համերաշխության քայլ կատարել ու ազատ արձակել ընդդիմադիրներին:

Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են, որ Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների եզրափակիչ փուլը միջազգային չափանիշներին չեն համապատասխանել:

Եվրոպական Միության ընդարձակման հարցերով հատուկ ներկայացուցիչ Շտեֆան Ֆյուլեն «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Դան Ալեքսեի հետ զրույցում նշել է, որ Եվրոպան տեսնում է 600-ից ավելի մարդկանց ազատազրկումը, արձանագրում այն, որ նրանց շարքերում էին նաեւ նախագահի ընդդիմադիր թեկնածուների մեծամասնությունը: Այդուհանդերձ, եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, անընդունելի համարելով կատարվածը, միեւնույն ժամանակ իրենք հանուն Բելառուսի ժողովրդի, հանուն երկրում քաղաքացիական հասարակության հաստատման, անհրաժեշտ են համարում շարունակել համագործակցությունը Բելառուսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG