Մատչելիության հղումներ

Հայաստանում հեռարձակման թվայնացման այլընտրանքային առաջարկությունների փաթեթ է մշակվել


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գլխավորած 5 հոգանոց աշխատանքային խումբը Հայաստանում հեռարձակման թվայնացման վերաբերյալ այլընտրանքային առաջարկությունների փաթեթ է մշակել, որով, մասնավորապես, առաջարկվում է ազատականացնել հեռարձակման լիցենզավորման գործընթացը:

Առաջարկությունները վերաբերում են ոլորտը կարգավորող օրենսդրությանը, թվայնացման անցման տեխնիկական խնդիրներին եւ հեռարձակման թվայնացման անցնելու գործընթացում հանրային համաձայնությանը:

«Հեռարձակման ոլորտը անհրաժեշտ է ազատականացնել: Այդ ուղիով է գնում քաղաքակիրթ աշխարհը», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով առաջարկությունների փաթեթը` կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով, ներկայումս գործող հեռուստատեսային հեռարձակման թվայնացման օրենսդրությունից եւ դրա ներդրման գործընթացից տպավորություն է ստեղծվում, որ «պետությունը ինչ-որ որոշում է կայացրել, եւ այն պարտադրվում է հասարակությանը»:

Խումբը, մասնավորապես, առաջարկում է պարզ ընթացակարգով լիցենզիաներ տրամադրել հեռարձակման համար, դրա դիմաց գանձելով որոշակի տուրք: Ընդ որում` այս դեպքում լիցենզիա ստացող ընկերություններն իրենք են որոշելու հեռարձակման իրենց համար նախընտրելի տեխնոլոգիան` թվային հեռարձակում պետական կամ կոմերցիոն ցանցերի միջոցով, կաբելային հեռարձակում, ինտերնետային հեռարձակում եւ այլն:

Հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով այս տարվա սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով նույնպես աշխատանքային խումբ էր ստեղծվել` Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ, սակայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրաժարվել էր ընդգրկվել խմբում եւ հայտարարել էր, որ պատրաստվում է այլընտրանքային փաթեթ մշակել:
XS
SM
MD
LG