Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը ցանկանում է խնդիրների երկարաժամկետ լուծում տեսնել


Հրայր Թովմասյան
Հրայր Թովմասյան
Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը պատրաստվում է կոռուպցիայի դեմ պայքարել, առաջին հերթին, օրենսդրական լուծումների շնորհիվ: Այդ մասին նա ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:

Որպես օրինակ նա մատնանշեց արդարադատության համակարգի ոլորտներից մեկը` ազատազրկման վայրերը. - «Մենք ունենք անգամ ազատազրկման վայր, որ 1800-ական թվականներին է կառուցվել, մնացածը 50-ական, 60-ական թվականների խնդիր է: Երբ որ նայում ես միջազգային փորձը, ապա ազատազրկման վայրերի 99 տոկոսը տեսաձայնագրվում է, եւ, բնականաբար, այդտեղ կոռուպցիոն ռիսկերը, ըստ էության, զրոյացված են: Այսինքն, այսօր կարելի է գնալ, մեկ-երկուսին գտնել, պատժել, բայց դրանով խնդիրը չի լուծվի»:

Իհարկե, ոլորտում հսկողությունը շարունակվելու է, ասաց նորանշանակ նախարարը եւ հավելեց. - «Բայց ես չեմ ուզում էպիզոդիկ, կարճաժամկետ խնդիրների լուծում տեսնել, ես ուզում եմ երկրարաժամկետ խնդիրների լուծում տեսնել, եւ այնպիսի լուծումներ տեսնել, որտեղ մարդկային գործոնի ազդեցությունը բավականին փոքր է լինելու»:

«Նույնը վերաբերում է նաեւ մյուս ոլորտներին, այսինքն` այն բոլոր ոլորտներին, որոնց հասարակությունը շփվում է` լինի դա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, լինի դա նոտարիատը, լինի դա Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը: Այսինքն, այդ պատկերացումները ինձ մոտ կան», - նշեց Հրայր Թովմասյանը` վստահեցնելով, որ մոտ ժամանակներում դրանց արդյունքները կերեւան. - «Արդյունքները, իհարկե, եթե ասեմ` բոլոր ոլորտներում միաժամանակ հնարավոր է այդ բոլոր քայլերը անել` անշուշտ, ոչ: ինձ համար կորոշեմ` դրանց նախապատվությունները որոնք են, եւ այդտեղ լուծումները տալով, համակարգ ստեղծելով` որպես ինքնուրույն աշխատող համակարգ, կանցնեմ հաջորդ քայլերին»:

Թովմասյանը պատրաստվում է օգտվել նաեւ դատական իշխանության նկատմամբ նախարարությանը վերապահված լիազորություններից. - «Այն սուբյեկտներից մեկն է, որը կարգապահական վարույթ է հարուցում, նույն աշխատաոճը կդրսեւորվի այնտեղ: Կլինեն դրանք պատահական գործեր, որը կվերցնեմ կնայեմ, կլինեն դրանք պատահական գործեր, որ ինքս կգնամ դատական նիստերին կմասնակցեմ, իմ օգնականները կգնան, կլինեն, որ կվերցնեմ ձայնագրությունները կկարդամ: Եվ պարտադիր չէ ինձ համար, որ կոռուպցիայի դեպք արձանագրված լինի` այդ դեպքում այլ ճանապարհ է, այսինքն` թող դրանով զբաղվի դատախազությունը, բայց այն բոլոր դեպքերը, երբ 10 դեպքում մի որոշում է կայացվում, 11-ում` մեկ, ապա չի կարող դա լինել»:

Հարցին` արդարացի համարո՞ւմ է արդյոք արդարադատության նախկին նախարարի պաշտոնանկությունը եւ պատրաստվո՞ւմ է արդյոք քայլեր ձեռնարկել գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ, նորանշանակ նախարարը պատասխանեց. - «Ես չեմ, որ պիտի մեկնաբանեմ վարչապետի, հանրապետության նախագահի կատարած քայլերը` ես դրա իրավունքը չունեմ: Եղել է միջադեպ, եւ դրան համարժեք եղել են քայլեր, եղել է պատասխանատվություն»:

«Ես համարում եմ, որ ես եկել եմ եւ շարունակում եմ այդ կետից: Ես հետ չեմ գնում եւ չեմ նայում, թե դրանից առաջ ինչ է եղել: Այսինքն, այս պահից սկսած` նման միջադեպերը կամ նման ցանկացած երեւույթ, ցանկացած էթիկայի խախտում, ենթակա, ստորադաս, քաղաքացի - պետական պաշտոնյա` նման դրսեւորումները նույնատիպ, միգուցե ավելի խիստ պատիժ կստանան»:

Հանրապետական կուսակցությանը անդամակցելու առաջարկ Թովմասյանին չի արվել, թողնվել է նրա հայեցողությանը:

«Կա հանրապետության նախագահի ծրագիր, կա կառավարության ծրագիր, եւ ես` որպես կառավարության անդամ, այդ գծից, այդ ծրագրից չեմ կարող շեղվել», - ընդգծեց նորանշանակ նախարարը:

Հրայր Թովմասյանը խոստովանեց, որ նոր պաշտոնը որոշ չափով կսահմանափակի իր շփումները մամուլի հետ: Այդուհանդերձ, նա հավաստիացրեց. - «Ինձ համար մամուլը կամ հեռուստատեսությունը, առողջ մամուլը, իրական հեռուստաընկերությունը, խոսքի ազատությունը արդյունավետ կառավարման կարեւորագույն գրավականներից մեկն է, որովհետեւ առանց դրա դու կարող ես շեղվել, դու կարող ես քո սխալը չնկատել»:

Թե որքան կլինեն իր հաջողությունները` ցույց կտա աշխատանքը, զրույցը եզրափակեց արդարադատության նորանշանակ նախարարը:




Նորանշանակ նախարարները անցան աշխատանքի

Հրայր Թովմասյանին, ինչպես նաեւ ֆինանսների նորանշանակ նախարար Վաչե Գաբրիելյանին եւ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանին շաբաթ օրը համապատասխան գերատեսչությունների աշխատակազմերին ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վերջին շրջանում իրականացված կադրային փոփոխությունների նպատակը, վարչապետի խոսքերով, պայմանավորված էր հետեւյալով. - «Համախմբել մեր կարողությունները, մեր ձեռքբերումները, մեր ինտելեկտուալ փորձը, որպեսզի հետճգնաժամային շրջանում մենք նոր լիցքավորմամբ նոր թափ հաղորդենք բարեփոխումներին եւ կարողանանք մեր առջեւ դրված խնդիրները արժանապատիվ ձեւով լուծել»:

Տիգրան Սարգսյանի կարծիքով` կադրային փոփոխությունները բարձրացնելու են կառավարման արդյունավետությունը:


Նորանշանակ նախարարներն անցան աշխատանքի
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG