Մատչելիության հղումներ

AP. Ամերիկացի օրենսդիրները կարող են քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւը


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է հաջորդ շաբաթ քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը, հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:

Վկայակոչելով Պալատի աշխատակազմի ներկայացուցիչներին, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունը, քանի որ լիազորված չեն մեկնաբանություններ անելու համար, AP-ն տեղեկացնում է, որ ուրբաթ օրը Դեմոկրատական կուսակցության խմբակցության առաջնորդները հնարավոր քվեարկության հարցը քննարկել են օրենսդիրների հետ: Պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակից մեկնաբանություն ստանալ գործակալությանը առայժմ չի հաջողվել:

Associated Press-ը նշում է, թե նման քվեարկությունը հարված կինի նախագահ Բարաք Օբամային իր կուսակիցների կողմից, քանի որ բանաձեւը կարող է վնասել կարեւոր դաշնակից Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները:

Գործակալությունը հիշեցնում է, որ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության առաջնորդները տեւական ժամանակ քննարկումից դուրս են թողել նախագիծը, եւ այն կարող է առհասարակ ուժը կորցնել եկող ամիս, երբ Պալատի վերահսկողությունը կստանձնեն հանրապետականները:

«Մենք շարունակում ենք սպասել, որ Պալատի դեմոկրատական ղեկավարությունը քվեարկություն կնշանակի` թույլ տալով երկկուսակցական մեծամասնությանը քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւի օգտին», - ուրբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կտրուկ ընդդիմանում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի հնարավոր քննարկմանը: Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին:

«Ակնհայտորեն, խոսնակ Փելոսին ծրագրում է Հայոց ցեղասպանության բանաձեւը [Պալատի լիագումար նիստի] օրակարգ բերել այսօր կամ վաղը: Ունե՞ք արդյոք տեսակետ այդ առնչությամբ», - այս հարցին Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը արձագանքել է. - «Մենք տեղյակ ենք Պալատի հնարավոր թիվ 252 բանաձեւի մասին եւ մենք խիստ դեմ ենք այդ բանաձեւին»:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ Թուրքիայի եւ Հայաստանի համար իրենց ընդհանուր անցյալին անդրադառնալու լավագույն ուղին հարաբերությունները կարգավորելու ջանքերն են», - Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասել է Քրոուլին:

Թուրքական լրատվամիջոցների վկայությամբ` թեեւ ուրբաթ օրը Նենսի Փելոսին չի ընդգրկել բանաձեւը Պալատի օրակարգում, դրա հնարավորությունը դեռեւս առկա է:

Դեկտեմբերի սկզբին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` մինչեւ Կոնգրեսի ներկայիս կազմի լիազորությունների ավարտը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը քվեարկության դնել Պալատի լիագումար նիստում:

Ադամ Շիֆի եւ հայամետ մյուս կոնգրեսականների հեղինակած թիվ 252 բանաձեւի նախագիծը այս տարվա գարնանը հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն այդպես էլ լիագումար նիստ չի մտել` Սպիտակ տան վարչակազմի եւ Թուրքիայի գործադրած ջանքերի պատճառով։

Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին «ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի պատշաճ ըմբռնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրություններում փաստված` մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանության հարցերի առնչությամբ», ինչպես նաեւ ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում «ճշգրիտ կերպով բնորոշել մեկեւկես միլիոն հայերի սիստեմատիկ եւ կանխամտածված բնաջնջումը որպես ցեղասպանություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG