Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 16-ի մամուլ


«Առավոտ»-ի ուշադրության կենտրոնում «Ա1+»-ն է: Գնահատելով այս հեռուստաընկերությանն առնչվող վերջին տարիների քաղաքական, հասարակական զարգացումները` թերթի խմբագիրը գրում է. - ««Ա1+»-ը, իհարկե, ոչ մեկին չի հայհոյել: Բայց Ռոբերտ Քոչարյանի մեջ այդ հեռուստաընկերությունը, անկասկած, առաջացրել է տհաճ զգացողություններ: Բացի այդ, նրա հաշվարկներով, «Ա1+»-ը կարող էր խանգարել ընտրությունների եւ, հետեւաբար, իր` աթոռին մնալու հետ կապված ծրագրերին: Եվ քանի որ Հայաստանում չկա նախագահի կամ նույնիսկ ավելի ցածր պաշտոնյայի բնազդները զսպելու որեւէ պետական կամ հասարակական մեխանիզմը, նախկին նախագահը հեշտությամբ վերացրեց այն, ինչը իրեն դուր չէր գալիս եւ ինչը իրեն խանգարում էր` արժանանալով «17 պատասխանատու լրատվամիջոցների» ծափահարություններին: Այդ քայլի սոցիալական հետեւանքները (այդ թվում` միջազգային ասպարեզում) բազմաթիվ են: Ամենաակնառուն, իմ կարծիքով, հեռուստալրագրության տխուր վիճակն է, որը տիրում է վերոհիշյալ «պատասխանատու» եթերում: Հենց այդ է պատճառը, որ մեզանում տաղանդավոր հեռուստալրագրողներ կան, բայց դրա մշակույթը չկա: Լրատվական տարածքի համընդհանուր «զաչիստկայի» պայմաններում եթերում գրեթե չկա մարդ, որ իսկապես հասարակության առաջ պատասխան է տալիս իր խոսքերի համար»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) այսօրվա նիստի առիթով «Չորրորդ ինքնիշխանություն»-ը անդրադառնում է հայաստանյան հեռուստաեթերին. - «Գործող հեռուստաընկերությունների «ազատ, բայց պատասխանատու» պահվածքի արդյունքում Հայաստանի բնակչության 99 տոկոսն այսօր առանց չափազանցության «Կարգին սերիալի» կամ «Դժբախտ երջանկության» հերոսների մասին ավելի շատ բան գիտի, քան, ասենք, ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին: Չենք հեգնում, պարզապես փաստն ենք արձանագրում: Նույնը վերաբերում է նաեւ տնտեսական կյանքին: Հայաստանցիների 99 տոկոսը չգիտի, թե քանի միլիարդ դոլար է մեր երկրի արտաքին պարտքը, բայց փոխարենը անգիր գիտի, թե վերջին սերիայում ինչքան փող են ծախսել, ասենք, Վիպոյաններն ու Պուզոյանները»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մինչ պաշտոնապես կհայտարարվի, թե ով է լինելու Երեւանի հաջորդ քաղաքապետը, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ իշխանությունները մի իսկական գրոհ են սկսել: Նախ, ըստ Բեգլարյանի մերձավոր շրջապատից ստացած տեղեկությունների, նախկին քաղաքապետի թիկնապահներին հերթով տանում են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչություն: Եվ դա արվում է ոչ պաշտոնապես: Պարզապես այդ տղաները ժամերով հարցաքննվում են: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Գագիկ Բեգլարյանին պատկանող որոշ ձեռնարկություններում ստուգումներ է սկսել Պետական եկամուտների կոմիտեն»:

«Հրապարակ» թերթը տեղեկացնում է եւ հեգնում. - «Դեկտեմբերի 23-ին Օպերայի եւ բալետի պետական թատրոնում պրեմիերա է: «Աիդա» օպերայի առաջին ներկայացմանը հրավիրված են պետական այրերը: Կրկին պրոտոկոլի խնդիր է ծագելու եւ կրկին դասական երաժշտություն է հնչելու: Պետական այրերին խորհուրդ ենք տալիս իրենց հրավիրատոմսերով կանանց ու նրանց ընկերուհիներին օպերա չուղարկել: Պրոտոկոլի վարչության աշխատակիցների հետ մերձավոր շփումներից էլ խուսափել»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում «Միկա լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովն ամփոփում է. - « Շատ ծանր տարի ենք թողնում անցյալում: Եթե դիտարկենք մեր ընկերությունների տվյալներն առանձին-առանձին, ապա, նախ, պետք է նշել, որ «Արմավիայի» ուղեւորահոսքն այս տարի շատ քիչ է ավելացել, իսկ անցած տարվա համեմատ աճը գրեթե աննշան է: «Արմավիայի» ուղեւորահոսքը 2009-ին եղել էր 700 հազար մարդ, իսկ այս տարվա ցուցանիշը, կարծում եմ, կլինի 730-740 հազար: Վերջին տարիների ուղեւորահոսքի աճի տեմպերի համեմատ դա ավելի ցածր ցուցանիշ է: Եթե սովորաբար մեր ավիաընկերության ուղեւորահոսքն ավելանում էր տարեկան 100, անգամ` 150 հազար ուղեւորով, ապա այս տարի այդ ցուցանիշը կլինի 30-40 հազար: Դա այն դեպքում, երբ մեծ թվով նոր չվերթեր բացեցինք եւ ակնկալում էինք, որ կունենանք ոչ թե այս ցուցանիշը, այլ 900 հազարին մոտ, այն հաշվարկով, որ 2012-ին հասնենք տարեկան 1 միլիոն ուղեւորափոխադրման մակարդակին: Սակայն կյանքն իր ճշգրտումներն է մտցնում , եւ այդ ծրագրերը կամ ակնկալիքները վերանայվում են»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG