Մատչելիության հղումներ

ԱԺ-ն քննարկեց զորակոչից խուսափած քաղաքացիների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը


Ազգային ժողովը երեքշաբթի օրը քննարկեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

2003-ին ընդունված եւ 2004-ին ուժի մեջ մտած այս օրենքը արդեն երրորդ անգամ է փոփոխություն կրում: Օրենքով սահմանվում է, որ 1992 թվականի աշնանային զորակոչից մինչեւ 2009 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված քաղաքացիները հնարավորություն են ստանում մուծել սահմանված տույժերը եւ խուսափել քրեական հետապնդումից: Ներկայացված օրինագծով առաջարկվում է երկարաձգել օրենքի ներառած ժամանակահատվածը` 2009 թվականի մայիսի 1-ի փոխարեն մինչեւ 2010-ի նոյեմբերի 1-ը:

«Այս փոփոխությամբ հնարավորություն ենք տալիս, որ նրանք ազատ գան հայրենիք եւ համապատասխան մուծումները կատարելուց հետո ազատվում են, բանակի ծառայության խնդիրը լուծվում է», - ԱԺ ամբիոնից հայտարարեց օրենքի մասին զեկուցող` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանի խոսքով, մինչ օրս այս օրենքի շնորհիվ շուրջ 5 հազար մարդ է վերադարձել Հայաստան, իսկ նրանց հետ հաճախ վերադարձել են նաեւ բարեկամները, հարազատները, իսկ այդ նույն ժամանակահատվածում նրանց կողմից վճարված տույժերը կազմել են մոտ 5 միլիարդ դրամ:

Կարապետյանը նշեց, որ այսօր արտերկրում ապրում է սահմանված կարգով պարտադիր զինծառայությունից խուսափած շուրջ 20 հազար Հայաստանի քաղաքացի:

«Արտգործնախարարությունը, մեր հյուպատոսարանները, նաեւ Սփյուռքի նախարարությունն է հատուկ քարոզչական աշխատանք տանում, որպեսզի նրանք իրազեկվեն իրենց իրավունքների վերաբերյալ եւ օգտվեն իրենց իրավունքներից», - ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավարը:

Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովում քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG