Մատչելիության հղումներ

Ընդդիմության առաջարկած օրինագծերը չընդգրկվեցին խորհրդարանի քառօրյայի օրակարգում


Ազգային ժողովը երկուշաբթի օրը մերժեց մեկնարկած քառօրյայի օրակարգում ընդգրկել ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած երկու օրինագծերը:

Դրանցից մեկով «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 45 հազար դրամ: Մյուսով ՀՅԴ-ն առաջարկում է, կատարելով նախկինում ընդունված օրենքի պահանջը, գիտության թեկնածուների եւ դոկտորների համար սահմանել ամսական հավելավճար` նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար 50 եւ 100 տոկոսի չափով:

Վերջին օրինագծի առնչությամբ հարկ է նշել, որ դեռ 2000 թվականից գործող «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի համաձայն, կենսաթոշակառու գիտության դոկտորներին եւ թեկնածուներին տրվում է նաեւ հավելավճար: Դրա տրամադրման կարգը պիտի սահմաներ կառավարությունը, որը, սակայն, որեւէ կարգ չի սահմանել:

«Կառավարությունը, փոխարենը առաջարկի քննարկել սխեմաներ, կտրուկ դեմ է արտահայտվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պատգամավոր (ՀՅԴ) Արծվիկ Մինասյանը` խորհրդարանական մեծամասնության` օրինագծին դեմ քվեարկելու կապակցությամբ հավելելով. - «Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը թույլ է տալիս, որպեսզի օրենքը շարունակաբար խախտվի»:

Օրենքի այս փոփոխությունը վերաբերում է մոտ 3 հազար գիտնականի, իսկ բյուջեի ծախսային մասում հավելումը կազմելու է 700 միլիոն դրամ:

Պարզաբանելով, թե ինչու է խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը բացասական գնահատական տվել օրինագծին` հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը (ՀՀԿ) ասաց. - «Մենք 3 հազար գիտնականի հարց են լուծում, եւ 500 հազարից ավելի կենսաթոշակառուների հարց ինչպե՞ս ենք կարգավորում: Իսկ ո՞վ ասեց, որ զինվորական կենսաթոշակառուներին պետք չէ հավելավճարներ սահմանել…»:

Նույն սկզբունքով խորհրդարանական մեծամասնությունը մերժեց «Ժառանգության» առաջարկած օրինագիծը (նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին) օրակարգ մտցնելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG