Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը չի հավատում Խալաֆյանի ինքնասպանության վարկածին


Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` որպես իրավապաշտպան, շարունակում է չհավատալ Վահան Խալաֆյանի ինքնասպանության վարկածին:

2010 թվականի ապրիլին ոստիկանության Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանին, պաշտոնական վարկածով, ինքնասպանության հասցնելու գործով մեղադրյալ Աշոտ Հարությունյանը երկուշաբթի օրը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:

«Որպես իրավաբան սխալ կլինի դատարանի վճիռը կասկածի տակ դնել, քննադատել եւ այլն: Այս տեսակետից դատարանի վճիռ կա, եւ իրավունք կա իրավական տեսակետից այն բողոքարկել վերադաս ատյանին, մինչեւ Ստրասբուրգի դատարան հասնել: Բայց որպես իրավապաշտպան, օմբուդսմեն` ես չեմ ուզում հավատալ, որ դա ինքնասպանություն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը:

Նա Խալաֆյանի մահվան դեպքից շաբաթներ անց էլ տարակուսանք էր հայտնել ինքնասպանության վարկածի առնչությամբ` ընդգծելով, որ այդ վարկածը հավանական չի համարում: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք չի վստահում այս գործով իրականացված նախաքննության ու դատաքննության օբյեկտիվությանը, մարդու իրավունքների պաշտպանը ասաց. - «Ինձ համար այդքան միանշանակ չէ այդ հարցը»:

Անդրադառնալով Հայաստանի զինված ուժերում խոշտանգումների, սպանությունների ու ինքնասպանությունների մեկը մյուսին հաջորդող դեպքերին` Արմեն Հարությունյանն ասաց, որ դեպքերի թիվը անցյալ տարիների համեմատ չի ավելացել, պարզապես «հասարակության ու լրատվամիջոցների ուշադրությունն է սեւեռված բանակի վրա», իսկ «իրավիճակի վատթարացում» նա չի արձանագրում: Օմբուդսմենը միաժամանակ դրական համարեց բանակում տեղի ունեցող բացասական երեւույթներին հասարակության ու լրատվամիջոցների ակտիվ արձագանքը:

«Բանակը առանձին, լուսնի վրա գտնվող, հասարակությունից կտրված ինստիտուտ չէ, դա հասարակության մի մասն է: Հասարակությունում գոյություն ունեցող բոլոր դրական եւ բացասական երեւույթները ավելի խտացված այնտեղ արտահայտվում են: Եթե համեմատում ես հարեւան երկրների բանակների հետ, ապա մեր բանակում վիճակը շատ ավելի բարվոք է», - ասաց Հարությունյանը` շեշտելով, այդուհանդերձ, որ դա չի կարող արդարացում լինել:

«Ցանկալի կլինի, որ այդ երեւույթները չլինեն եւ ցանկալի կլինի, որ մենք տեսնենք, որ իրոք միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի դրանք նվազեն», - ասաց օմբուդսմենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG