Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները այցելեցին Երեւան


Համանախագահները հանդիպեցին Սերժ Սարգսյանին
please wait

No media source currently available

0:00 0:00:24 0:00
Ուրբաթ օրը Բաքվից Երեւան ժամանեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Եռանախագահները նախ հանդիպեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` մոտ կես ժամ տեւած հանդիպումից հետո միջնորդները Նալբանդյանին են ներկայացրել նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները, քննարկել են Աստանայում կայանալիք հանդիպումների նախապատրաստական աշխատանքները:

Ավելի ուշ համանախագահներին ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Տեղեկացնելով այս մասին` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը նաեւ իր զարմանքը հայտնեց Սերժ Սարգսյանի` Աստանա մեկնելու շուրջ մամուլում հայտնված հրապարակումների վերաբերյալ:

«Ինչո՞ւ է համեմատում Լիսաբոնը Աստանայի հետ: Հայաստանը Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ չէ, հազվադեպ է նախագահի մակարդակով մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին: Լիսաբոնում էլ Հայաստանը ներկայացնում էին արտգործնախարարը եւ պաշտպանության նախարարը: Այո, մենք դժգոհ էինք լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագրում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումից: Իսկ Աստանա` Հայաստանի նախագահի գնալ-չգնալու մասին ընդհանրապես խոսք չկա», - ասաց Արմեն Արզումանյանը:

Մինչ տարածաշրջան այցելելը եռանախագահները Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի համատեքստում:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` նախօրեին Բաքվում Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել էր, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը չափազանց կարեւոր է, դրան անհրաժեշտ է լրջությամբ պատրաստվել:

«Եթե հիշում եք` անցյալ տարի Աթենքում միջնորդ պետությունների ղեկավարները ստորագրեցին շատ ընդգրկուն մի հայտարարություն, իսկ այս տարի Աստանայում տեղի կունենա ԵԱՀԿ-ի անդամ երկրների գագաթնաժողովը: Այս հանդիպումը շատ կարեւոր է, ուստի մենք պետք է լրջորեն պատրաստվենք դրան», - հայտարարել էր ֆրանսիացի համանախագահը:

Մինսկի խմբի եռանախագահները սեպտեմբերին տարածած հայտարարության մեջ հույս էին հայտնել, որ դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից առաջ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը ավելի ակտիվ է ընթանալու:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այս ամիս ավելի վաղ հայտարարել էր, որ Աստանայի գագաթնաժողովը կարող է բեկումնային պահ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Մինդեռ հոկտեմբերի վերջին նա Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովում ասել էր, թե Աստանայում Ղարաբաղի հակամարտության շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում:

«Ներկայումս մենք այդ փաստաթղթի նախապատրաստման վրա չենք աշխատում: Այսօրվա օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայանալիք բանակցությունների ձեւաչափի որոշման հարցն է», - ասել էր Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG