Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 26-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը կարծիք է հայտնել. - «Մեր պետության դեմ պայքարի դուրս եկածները հարվածում են այն արժեհամակարգին, որի վրա հիմնված է մեր պետականությունը: Թիրախ են դարձել մեր չորս հիմնասյուները` բանակը, դպրոցը, ընտանիքը, եկեղեցին: Իհարկե, շատ ցավալի դեպքեր են տեղի ունենում մեր բանակում: Բոլոր նրանք, ովքեր անկեղծ ցավում են ու ցանկանում են, որ նման բաներ չլինեն, սրտացավորեն ներկայացնում են, թե առողջ փոխհարաբերությունների կողքին ինչպիսի դատապարտելի ու արատավոր երեւույթներ կան: Իսկ այդ արատները բանակ են թափանցել հասարակությունից: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ մերժելի բարքեր կան մեր դպրոցում, բուհերում, փողոցում, ինչ մշակույթ է քարոզվում հեռուստատեսությամբ»:

Բանակի խնդիրներին, մասնավորապես` նոյեմբերի 19-ին տեղի ունեցած վերջին արյունալի իրադարձություններին բոլորովին այլ դիրքերից է անդրադառնում «Չորրորդ ինքնիշխանություն»-ը` գրելով. - «Վախկոտ, թուլամորթ, 18-19 տարեկան տղաների հաշվին ինքնահաստատվող հրամանատարները, առաջնորդվելով «բերդի օրենքներով», հիմա էլ, կարծում ենք, ստիպում են վիրավոր զինվորին իր վրա վերցնել 4 ծառայակիցների սպանությունն ու սեփական ինքնասպանության փորձը: Չենք կասկածում` պաշտպանության նախարարը ամեն ինչ կանի այս արյունահեղության իրական պատասխանատուներին «թաքցնելու» համար: Նա կվարվի ճիշտ այնպես, ինչպես վարվեց իր կոլեգան` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` Վահան Խալաֆյանի մահվան դեպքը «մեկնաբանելիս»: Չենք կասկածում, որ ծանր վիրավոր այս տղային «խոստովանեցնելը» դժվար չէր: Մանավանդ, հայտնի չէ` կապրի՞ արդյոք»:

Անդրադառնալով վերջին օրերին հրապարակված եւ հանրության կողմից ոչ միանշանակ ընդունված սոցհարցումների արդյունքներին` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Պարզվում է, Տիգրան Սարգսյանն իրեն ու իր կառավարությանը գովերգող այս հայտարարությունների համար հիմք հանդիսացող տվյալներ է գնում` դրանց համար պետբյուջեի միջոցներից վճարելով բավական կլորիկ գումարներ: Սակայն ամենաուշագրավն այն է, որ կառավարությունը նման սոցհարցումներ գնել է նույն «Այ Փի Էս Սի քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտ» ՍՊԸ-ից, որը մի քանի օր առաջ` իբրեւ անկախ եւ անկողմնակալ կազմակերպություն, հանրությանն էր մատուցել մեկ այլ սոցհարցման տվյալներ` Հայաստանի քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի վարկանիշների վերաբերյալ: Ըստ դրան, Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչները Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն են: «Այ Փի Էս Սի քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտ» ՍՊԸ-ն 2009-ին ՀՀ կառավարությունից ստացել է 14 միլիոն 450 հազար դրամ (մոտ 40 հազար դոլար), 2010-ին` 87 միլիոն 258 հազար դրամ (մոտ 240 հազար դոլար): Այդ գումարները տրվել են ՀՀ կառավարության համապատասխանաբար 2009-ի եւ 2010-ի գործունեությունը գնահատող սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու համար: Ավելին, 2011-ի ՀՀ պետբյուջեի նախագծով այդ նույն նպատակին գործադիրը պատրաստվում է հատկացնել արդեն 103 միլիոն դրամ (մոտ 290 հազար դոլար): Սա այն դեպքում, երբ երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վիճակագրական ազգային ծառայությունը 2011-ի մարդահամարը կազմակերպելու համար Իտալիայի ԱԳՆ-ից 12 հազար եվրո օգնություն է խնդրել»:

Հելիոֆիկացիա: Այս տերմինն առավել մատչելի լեզվով կարելի է ներկայացնել իբրեւ արեւի էներգիայի գործնական կիրառում: Նախազգուշացնելով, որ ավանդական էներգակիրների պաշարներն աշխարհում սպառման եզրին են, Հայաստանի հելիոֆիկացիայի նախագծի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը «Իրատես de facto»-ի հետ հարցազրույցում նշում է. - «Մենք առաջարկում ենք արեւային էներգիայի օգտագործման մեր` հայկական տարբերակը` շեշտը դնելով արեւի ջերմային էներգիան ուղղակիորեն օգտագործող սարքերի վրա: Դա տնտեսապես առավել շահավետ եւ նպատակահարմար է: Եթե արեւային էլեկտրաէներգիան ամենաթանկ հաճույքն է էներգետիկայի ոլորտում եւ ունի բացառապես ցուցադրական ու էկզոտիկ բնույթ, ապա մեր առաջարկած արեւային անհատական ջերմակայանները մրցակցությունից դուրս են: Դատեք ինքներդ, 80 դոլար մեկ կՎտ.ժամ ջերմային էներգիայի տեղադրված հզորության համար, 0,2 դրամ ինքնարժեք մեկ կՎտ.ժամի համար, 50 տարվա երաշխիք հելիոհամակարգերի շահագործման համար։ 2-ից մինչեւ 250 կՎտ.ժ ջերմային հզորությամբ մեր DVH տիպի անհատական հելիոհամակարգերն ունեն լավագույն սպառողական հատկանիշներն աշխարհում եւ կարող են արտադրվել հայկական ձեռնարկություններում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG