Մատչելիության հղումներ

Թուրք մարդաբանը պոլսահայերի եւ ներգաղթյալ հայաստանցիների մասին ուսումնասիրություն է սկսել


Թուրք մարդաբան Սալիմ Այկուտ Օզթուրքը կարծում է, որ ժամանակն է Հայոց ցեղասպանության թեմայից բացի խոսել նաեւ այսօրվա հայերի եւ թուրքերի մասին: Այդ նպատակով նա դոկտորական ուսումնասիրություն է սկսել Թուրքիայում ապրող հայերի ու ներգաղթող հայաստանցիների մասին:

«Ստամբուլում մոտ 80 հազար պոլսահայ կա, ու չհաստատված թվով մոտ 100 հազար հայաստանցի: Սա նորույթ է, հայաստանցիները նույնիսկ գերազանցում են տեղացի հայերին քանակով: 1915 թվականից առաջ Ստամբուլի հայերը կազմում էին տեղի մտավորականությունը: 1915 թվականից հետո այնտեղ հավաքվեցին նաեւ հայեր Թուրքիայի տարբեր ծայրերից` Վանից, Մուշից, Դիարբեքիրից: Պոլսահայությունը արդեն իսկ միատարր չէր, հիմա այս բազամազանությանը գումարվել են նաեւ հայաստանցիները», - ասում է Այկուտը, ով ներկայումս Լոնդոնի University College-ում մարդաբանություն է ուսումնասիրում:

Նա ուզում է բացահայտել հայ-թուրքական հարաբերությունների մարդաբանական ու մշակութային կողմը: Այկուտի խոսքով` հայաստանցի կանայք Ստամբուլում հիմնականում խնամում են երեխաների ու ծերերի` աշխատելով հենց պոլսահայերի տներում: Տղամարդկանցից ոմանք աշխատում են շուկայում` տեղի հայ ոսկերիչների հետ: Սակայն նրանց մեծ մասը ժամանակավոր պատահական գործեր է անում` հիմանականում շինարարության ոլորտում: Այկուտը պատրաստվում է ուսումնասիրել միգրանտների ճանապարհը սկզբից` Հայաստանից նրանց հետ ավտոբուսով ճամփորդելով դեպի Ստամբուլ:

«Կանանց շրջանակ մտնելը հեշտ չի լինի, այդ պատճառով ես կկենտրոնանամ տղամարդկանց առօրյայի վրա, կգնամ շուկա, կզրուցեմ նրանց հետ, կմտերմանամ: Ու գուցե հետո հենց նրանց միջոցով կարողանամ շփվել նաեւ կանանց հետ», - ասում է Այկուտը:

Նա կարծում է, որ հայ միգրանտները կարեւոր սոցիալական ու մշակութային դեր ունեն Ստամբուլում ու լուրջ չի վերաբերվում Թուրքիայի վարչապետ Էրդողանի սպառնալիքին, թե հայաստանցի անօրինական միգրանտներին կարող են վտարել երկրից:

«Ես ուրախ չեմ, որ նա օգտագործում է միգրանտների հարցը որպես սպառնալիք կամ քաղաքական գործիք: Ու չեմ կարծում, թե այդ սպառնալիքը ռեալ է, քանի որ ղեկավարությանը ձեռնտու է այս հարցը պահել որպես գործիք նմանօրինակ այլ առիթների համար», - կարծում է նա:

Երիտասարդ գիտնականը կարծում է, որ Էրդողանի ասածը չի արտացոլում թուրք հասարակության կարծիքը: Նա համոզված է, որ վերջին տասնամյակում թուրք հասարակությունը շատ է փոխվել ու շատ բան է հասկացել. շատերը բացահայտել են սեփական հայկական արմատները, վերականգնվել են հայկական տեղանուններ եւ այլն:

«Մի տեսակ արթնացում է տեղի ունեցել, ու շատ կարեւոր դեր խաղաց հատկապես Հրանտ Դինքի մահը: Դինքը իր կյանքով շատ բան փոխեց, բայց նրա մահը ուղղակի նոր ժամանակաշրջան բացեց թուրք հասարակության կյանքում: Ես չեմ ասում, թե հիմա Թուրքիայում իդեալական դեմոկրատիա է ու ամեն ինչ շատ լավ է, բայց այսօրվա դրությունն անհամեմատելի է 90-ականների հետ»:

Հիմա Այկուտը Լոնդոնի Աֆրիկագիտության ու Արեւելագիտության համալսարանում հայերեն է սովորում, իսկ բուն ուսումնասիրությունը կսկսի հաջորդ տարի` գարնանը: Նա մի քանի ամիս կանցկացնի Թուրքիայում ու Հայաստանում` փորձելով հասկանալ ժամանակակից հայերի ու թուրքերի փոխհարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG