Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան գնդակոծել է Հարավային Կորեայի կղզին


Հարավային Կորեան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան այսօր հրետանային կրակ է բացել հարավկորեական բնակելի կղզու վրա:

Միջադեպը տեղի է ունեցել Կորեական թերակղզուց արեւմուտք` երկու երկրների միջեւ ծովային սահմանի վիճարկվող շրջանում: Հարավային Կորեան պատասխան կրակ է բացել:

Հարավկորեական «Յոնհապ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հրետակոծության հետեւանքով Հարավային Կորեայի բանակի 2 զինծառայողներ զոհվել եւ 13-ը վիրավորվել են:

Հարավային Կորեայի նախագահը արտակարգ նիստ է հրավիրել անվտանգության պաշտոնյաների մասնակցությամբ:

Սպիտակ տունը խստորեն դատապարտել է հարձակումը եւ վերահաստատել Հարավային Կորեային Միացյալ Նահանգների աջակցությունը, Ռուսաստանը եւ Չինաստանը մտահոգություն են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:

Այս տարվա մարտին Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ խորտակվեց հարավկորեական մի նավ, որի 46 նավաստիները զոհվեցին: Հարավային Կորեան հյուսիսկորեական կողմին մեղադրեց նավը տորպեդահարելու մեջ, պաշտոնական Փխենյանը, սակայն, հերքեց իր առնչությունը այդ միջադեպին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG