Մատչելիության հղումներ

Բրիտանացի պատմաբանը 6-7-րդ դարերի հայկական արծաթյա խաչեր է հայտնաբերել


Հայկական արծաթյա խաչեր
Հայկական արծաթյա խաչեր

Բրիտանացի պատմաբան Թիմ Գրինվուդը պնդում է, թե բացահայտել է առնվազն երեք հայկական հնադարյան արծաթե խաչ, թեեւ մինչ այժմ գիտնականները կարծում էին, թե այդ ժամանակաշրջանից պահպանված հայկական արծաթե խաչեր չկան:

Սուրբ Էնդրյուս համալսարանի դասախոս, պատմաբան Թիմ Գրինվուդը իր բացահայտումների մասին օրերս դասախոսություն ներկայացրեց Լոնդոնի Արեւելագիտության եւ աֆրիկագիտության համալսարանում, ու առաջին անգամ հանրությանը ցուցադրեց այդ խաչերի լուսանկարները:

Խաչերի առկայության մասին պատմաբանը պատահմամբ է իմացել, ամեն ինչ սկսվել է էլեկտրոնային նամակից:

«Փետրվարին մի անսպասելի էլեկտրոնային նամակ ստացա: Նամակագիրը հայտնում էր, որ մի հին արծաթե խաչ ունի` հայերեն գրությամբ: Նա Հալեպում մի քահանայի խնդրել է թարգմանել գրությունը, իսկ ինձ խնդրում էր ստուգել քահանայի թարգմանությունը: Ես առաջարկեցի ինձ ցույց տալ գրության բնօրինակը հայերենով, եւ հենց այդ ժամանակ տեսա խաչի լուսանկարները: Դա ուղղակի ցնցող էր, ու ես հասկացա դրա ամբողջ կարեւորությունը հայ արվեստի պատմության համար», - ասում է Գրինվուդը:

Գիտնականը պնդում է, որ գրության բովանդակությունը, տառերի ձեւը, ինչպես նաեւ խաչի ձեւը հաստատում են, որ այն պատրաստվել է 6-7-րդ դարերում: Այս շրջանը պատմաբանը անվանում է ուշ հնադար: Գրությունից հայտնի է միայն, որ Խոռխոռունյաց գավառից ոմն Ներսեհի պատվերով է պատրաստված խաչը, բայց դրա պատկանելության ու պատմության մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Այս առաջին գյուտից հետո ուսումնասիրությունների արդյունքում Գրինվուդը Ստամբուլի հնագիտական թանգարանում եւս 2 խաչ է հայտնաբերում` դարձյալ 6-7-րդ դարերից պահպանված:

«Խաչերից մեկի մասին տեղեկություն հրատարակվել է, բայց դա եղել է բյուզանդական արվեստի մասին գրքում: Մյուսն առհասարակ մինչ այժմ անհայտ է եղել: Ես գրել եմ թանգարանի ղեկավարությունը` խնդրելով թույլ տալ ուսումնասիրել խաչերը, առայժմ որեւէ պատասխան չեմ ստացել: Իսկ լուսանկարները կարողացել եմ ձեռք բերել միայն Թուրքիայում գտնվող ընկերոջս օգնությամբ»:

Թիմ Գրինվուդը պատմում է, որ իր պապը առաջին համաշխարհային պատերազմի տարիների ապրել է Վրաստանում, եւ նա Կովկասի մասին լսել է մանկուց: Օքսֆորդի համալսարանում պատմություն սովորելուց հետո Գրինվուդը մասնագիտացել է Միջին արեւելքի պատմության ուսումնասիրության մեջ, այժմ զբաղվում է հատկապես Կովկասի ու Հայաստանի պատմությամբ: Այսօր նա ոչ միայն շատ լավ գրաբար գիտի, այլեւ լեզուն դասավանդում է իր ուսանողներին Սբ. Էնդրյուս համալսարանում:

«Իմ ուսումնասիրություններում ես հաճախ եմ առնչվել հայկական նյութերի հետ հունական աղբյուրներն ուսումանասիրելիս, եւ ավելի ու ավելի եմ հետաքրքրվել հայերի պատմությամբ: Հիմա ինձ թվում է, թե ես դեռ մակերեսն եմ զննում, ու այդ հարուստ շերտի ներքո մեծ հարստություններ կան», - ասում է պատմաբանը:

Գիտնականը պատրաստվում է իր ուսումնասիրությունը հրատարակել 2011 թվականի գարնանը: Նրա խոսքով` այդ ժամանակ կցուցադրվի նաեւ առաջին խաչը, որ գտնվում է մասնավոր անձի մոտ. տերն առայժմ ցանկանում է գաղտնի մնալ: Նա վստահ է, որ սա չափազանց կարեւոր հայտնագործություն է հայոց պատմության ու արվեստի ուսումնասիրության համար եւ հուսով է, որ խաչերի կարեւորությունը կստիպի նաեւ թուրքական հնագիտական թանգարանին իր արխիվում պահվող խաչերը ներկայացնել հանրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG