Մատչելիության հղումներ

Զինված ուժերում վերջին միջադեպերի գործերով ձերբակալվածներ կան


Զինված ուժերում անցած շաբաթավերջին տեղի ունեցած երկու միջադեպերի գործերով ձերբակալվածներ կան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, ձերբակալված է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում տեղի ունեցած արտակարգ միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով կասկածյալը:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում նոյեմբերի 19-ին ժամը 24:00-ի սահմաններում հրազենային կրակահերթերից 4 ժամկետային զինծառայողներ զոհվել են, եւս 4 զինծառայողներ ստացել են հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ:

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչության փոխանցմամբ` ձերբակալվածը նույն զորամասի զինծառայող է: Նրա ինքնությունը եւ քրեական գործի այլ մանրամասներ չեն հրապարակվում` «նախաքննության շահերից ելնելով»:

Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ երկու եւ ավելի անձանց սպանության հատկանիշներով` Հայաստանի քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով:

Գործը հարուցված է Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` եւս երկու մարդ ձերբակալվել է Հայաստանի զինված ուժերի ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան գործով:

Ավետիսյանը հրազենային վիրավորումից մահացել է նոյեմբերի լույս 18-ի գիշերը` Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում: Փաստի կապակցությամբ ուրբաթ օրը հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»):

Երկու գործերով ձերբակալվածներից որեւէ մեկին առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Ովքեր են ձերբակալվածները` առայժմ չի հրապարակվում:

Զորամասի տարածքում հրազենային վնասվածք ստանալուց հետո Ռոբերտ Ավետիսյանի մահը վրա է հասել անմիջապես: Զինծառայողի մահվան վկայականում նշված է, որ նա ստացել է «կրծքավանդակի, որովայնի, պարանոցի, ձախ վերին ու ստորին վերջույթների համակցված հրազենային գնդակային միջանցիկ վնասվածքներ, ներքին արյունահոսություն, ներքին օրգանների վնասումներ»:

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավետիսյանը մեկ տարվա զինծառայող էր, դեկտեմբերին դառնալու էր 23 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG