Մատչելիության հղումներ

Երուսաղեմում աթոռակից պատրիարքի ընտրություններ կանցկացվեն


Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, արխիվ
Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, արխիվ

Երուսաղեմի Հայոց 91-ամյա պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը գրավոր դիմել է միաբանների տարեկան ժողովին՝ առաջարկելով կանոնակարգ մշակել աթոռակից պատրիարք ընտրելու համար։

Այս մասին կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը՝ հավելելով, որ «առողջական անկարողության պատճառով աթոռակից պատրիարք ունենալու՝ պատրիարք սրբազանի դիմումը անակնկալ էր»։ Միաբանության տարեկան ժողովի օրակարգում նման հարց ընդգրկված չէր։

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը անցկացվել է նոյեմբերի 15-18-ը, մասնակցել են նաեւ միաբանության անդամներ ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից։

Աթոռակից պատրիարքի ընտրության կանոնակարգը մշակելու համար հանձնախումբ է ձեւավորվել, որը գլխավորում է ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Կանոնակարգը մշակելու աշխատանքների ավարտի համար ժամկետ է սահմանված 2011 թվականի մարտը։

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանում բավականին անորոշ իրավիճակ էր ստեղծվել, քանի որ պատրիարքը ծանր հիվանդության պատճառով չէր կարողանում ղեկավարել պատրիարքությունը, իսկ նրան փոխարինելու համար հստակ կանոնակարգ չկար, եւ ի վերջո Թուրքիայի իշխանությունների միջամտությամբ տեղապահ պատրիարք ընտրվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG