Մատչելիության հղումներ

Կառավարությունում կշարունակվեն կադրային փոփոխությունները


Հինգշաբթի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է երկու շաբաթ առաջ մի քանի նախարարություններին տված հանձնարարականներին եւ դրանց արդյունքում իրականացված եւ իրականացվող աշխատանքներին:

Հանձնարարականներից մեկը տրված էր կրթության եւ գիտության նախարարին, որպեսզի նա 10-օրյա ժամկետում ներկայացնի հակակոռուպցիոն բնույթի միջոցառումների ժամանակացույց: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ծրագիրը վարչապետը որակեց որպես «բավականին հաջողված»: Աշոտյանի խոսքով` ծրագիրը միտված է հաջորդ երկու տարվա ընթացքում ոլորտում կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազեցնելուն:

Նոյեմբերի 4-ին կայացած կառավարության նիստում վարչապետը խստորեն քննադատել էր գյուղատնտեսության, ֆինանսների, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ առողջապահության նախարարություններին այդ գերատեսչություններում առկա կոռուպցիայի համար եւ կոչ արել պայքարել սոցիալական արատավոր այդ երեւույթի դեմ: Առողջապահության նախարարության հետ կապված` Տիգրան Սարգսյանը պահանջել էր կատարել կադրային փոփոխություններ` ընդհուպ մինչեւ փոխնախարարի մակարդակով, որի հետեւանքով մեկ շաբաթ անց աշխատանքից ազատվեցին առողջապահության երկու փոխնախարարները եւ նախարարության աշխատակազմի ղեկավարը: Այսօր վարչապետը հայտարարեց, որ կադրային փոփոխությունները շարունակվելու են:

Ի տարբերություն առողջապահության նախարարության` կրթության եւ գիտության նախարարությունում կադրային փոփոխություններ չեղան, ինչը նախարար Աշոտյանը մեկնաբանում է այսպես. - «Վարչապետի հանձնարարականում հնչած ենթահանձնարարականները երբեմն սխալ են մեկնաբանվել այս երկու շաբաթների ընթացքում: Վարչապետը չի խոսել նախարարության կոռուպցիայի մասին, նա խոսել է ոլորտի կոռուպցիայի մասին, երկրորդը` կադրային փոփոխությունների մասին խոսելիս աշխատանքից ազատումների մասին հանձրարարականներ չեն եղել: Կադրային փոփոխությունների հանձրարարականը վերաբերել է բուհական խորհուրդների կազմերի փոփոխությանը եւ բուհական խորհուրդների լիազորությունների ընդլայնմանը»:

Հակակոռուպցիոն բնույթի ծրագիր է ներկայացրել նաեւ առողջապահության նախարարը: Վարչապետի խոսքով` իր հանձնարարականներից հետո օպերատիվ կերպով բացահայտված խնդիրներին անդրադարձել է նաեւ ֆինանսների նախարարը: Վարչապետի մոտ քննարկվել է նաեւ գյուղատնտեսության նախարարի ներկայացրած ծրագիրը: Ինչ վերաբերում է նախարարության բուսասանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանի պաշտոնանկության հարցին, ապա գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Գյուլզադյանը վերադարձել է արձակուրդից:

«Եղել է վարչապետի վերահսկողության ծառայության եզրակացությունը, որի հիման վրա վարչապետը հանձնարարական է տվել ազատել աշխատանքից: Այդ գործընթացները այժմ ընթացքի մեջ են, մենք բոլոր նյութերը ուղարկել ենք քաղծառայության խորհուրդ», - տեղեկացրեց Ալավերդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG