Մատչելիության հղումներ

ԼՂ հարցով բանաձեւը հավանաբար չի քննարկվի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում


ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 56-րդ նստաշրջանը Վարշավայում
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 56-րդ նստաշրջանը Վարշավայում

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 56-րդ նստաշրջանի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձեւի նախագիծի հեղինակ Ռայնլ Անդրեյչուկը հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին հավաաստիացրել է, որ նախագիծը ընդհանրապես կհանվի Վեհաժողովի օրակարգից, կամ կընդունվի այնպիսի փաստաթուղթ, որը չի հակասի ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերին:

Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական Կարեն Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ձեռնպահ մնալով իր հանդիպումների եւ առանձնազրույցների վերաբերյալ մանրամասներ հրապարակելուց, ասաց. - «Մենք ամեն ինչ կանենք, որ դա չքննարկվի խորհրդարանական վեհաժողովում, իսկ քննարկման ժամանակ բանաձեւը այն ձեւով ստանանք, որ մեզ է ձեռնտու»:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի 6 կետանոց նախագիծը, որում ընդգրված էր Հայաստանի համար անընդունելի «7 շրջանների օկուպացիա» ձեւակերպումը, ի սկզբանե ընդգրկված էր վեհաժողովի 56-րդ նստաշրջանի օրակարգում: Սակայն նոյեմբերի 12-ին մեկնարկած նստաշրջանից օրեր առաջ հայտնի դարձավ, որ նախագիծը հանվել է օրակարգից: Պաշտոնական հիմնավորումը Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների պատճառով ադրբեջանական պատվիրակության բացակայությունն էր, սակայն հայաստայնան պատվիրակությունը պնդում է, որ նախագիծը նստաշրջանի օրակարգից հանվել է նաեւ հայկական կողմի ճնշման տակ:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, վկայակոչելով Վաշավայում բանաձեւի նախագիծի հեղինակ Ռայնլ Անդրեյչուկի հետ իր հանդիպումը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Անդրեյչուկը հակված է նախագիծը վեհաժողովի օրակարգից ամբողջությամբ հանելուն` պատճառաբանելով, որ այն այլեւս ուշացած է:

«Անդրեյչուկը նշեց, որ այդ բանաձեւը ամենայն հավանականությամբ այլեւս չի դրվի վեհաժողովի օրակարգում, քանի որ բանաձեւի նախագիծը պատրաստվել էր ՆԱՏՕ-ի խորհրարանականների Ադրբեջան կատարած առաքելության արդյունքում պատրաստված զեկույցի հիման վրա: Ըստ էության, սա ավելի շատ ադրբեջանական իշխանությունների եւ վեհաժողովի նախկին նախագահ Ջոն Թաների պայմանավորվածությունների արդյունք էր», - ասաց Սաֆարյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանականները գարնանն էին այցելել Ադրբեջան, եւ ըստ հայկական կողմի` մայիսին ադրբեջանական պատվիրակությունը Ջոն Թաներին առաջարկել էր պատրաստել ու վեհաժողովի աշնանային նստաշրջանում քննարկել Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հատուկ զեկույցը: Սակայն այս նստաշրջանում ոչ միայն ԼՂ հակամարտության վերաբերյալ փաստաթուղթը չքննարկվեց, այլեւ, Ստյոպա Սաֆարյանի փոխանցմամբ, վեհաժողովի նախագահ Ջոն Թաները վայր դրեց իր լիազորությունները: Վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել նախկինում քաղաքական հարցերի հանձնաժողովը գլխավորած Կառլ Լամերսը, իսկ հանձնաժողովը նրա փոխարեն այժմ գլխավորելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նույն բանաձեւի նախագիծի հեղինակ Ռայնլ Անդրեյչուկը:

«Կարծում եմ` վեհաժողովում իրավիճակը բավականին փոխվել է», - ասաց Սաֆարյանը` չբացառելով, որ ադրբեջանական կողմը կարող է շրջանառության մեջ դնել նոր բանաձեւ:

Ստյոպա Սաֆարյանը սա հնարավոր է համարում` հաշվի առնելով խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանում Վրաստանի մասին բանաձեւի ընդունումը, որում Աբխազիան եւ Հարավային Օսիան բնորոշված են որպես «օկուպացված տարածքներ», եւ վեհաժողովը «խորը մտահոգություն է հայտնում Վրաստանի օկուպացված տարածքներում հումանիտար իրավիճակի հետ կապված»:

Չորեքշաբթի ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Զահիդ Օրուջը, ողջունելով Վրաստանի մասին հիշյալ բանաձեւի ընդունումը, հայտարարել է, որ Ադրբեջանը ամեն գնով պետք է հասնի ՆԱՏՕ-ի վեհաժողովի կողմից ԼՂ հիմնահարցին վերաբերող բանաձեւի ընդունմանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 56-րդ նստաշրջանի ամբիոնից Ղարաբաղի մասին ելույթներ չեն հնչել: Անդրադարձ չի եղել նաեւ Հայաստանի ժողովրդավարական եւ արտաքին քաղաքական խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG