Մատչելիության հղումներ

Առաջիկա այցի ժամանակ Պրեսկոտի ուշադրության կենտրոնում կլինի ազատազրկված ընդդիմադիրների հարցը


Եվրոպայի խորհրդում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը
Եվրոպայի խորհրդում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը
ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեքշաբթի օրը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում անդրադարձել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու խնդրին:

Նա հայտարարել է, որ այդ հարցը լինելու է իր ուշադրության կենտրոնում առաջիկայում Հայաստան կատարելիք մոնիտորինգային այցելության ժամանակ:

Այդ մասին Փարիզից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա փոխանցմամբ, Պրեսկոտը Հայաստան կժամանի հաջորդ տարի` հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, իրականացնելու հերթական մոնիտորինգային այցելությունը:

Պրեսկոտը ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու վերաբերյալ կոնկրետ ժամկետներ չի նշել:

Միջազգային տարբեր կառույցները եւ եվրոպացի պաշտոնյաները Հայաստան կատարած այցերի ժամանակ հաճախ են անդրադառնում անազատության մեջ հայտնված ընդդիմադիրների խնդրին: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Հայաստանի իշխանությունները կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկում նրանց ազատ արձակելու ուղղությամբ, Հարությունյանը ասաց, որ այս խնդիրը իրավական հարթության մեջ է:

«Պարզ է մի բան, որ այս փուլում գոյություն ունեն մի քանի եղանակներ, եւ դրանցից մեկը հավանաբար պետք է գործադրվի` մեկը պայմանական վաղաժամկետ ազատումն է, մյուսը ներումն է կամ համաներումը, եւ մյուսը` պատժի կրումը: Այս չորս եղանակներն են, որ նախատեսված են մեր օրենսդրությամբ: Համաներումը հանրապետության նախագահի իրավասության ներքո է, ներումը` նույնպես, բայց այս դեպքում անձը պետք է դիմի դրա համար: Ինչ վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակմանը, ապա դա սովորական գործընթաց է, որն իրականացվում է, եւ կային անձինք, որոնք վերջերս ազատվել են», - նշեց Հարությունյանը:

Վերջերս պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը, ով 2008 թվականին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման` իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով: Նա բանտում անցկացրել էր երկու տարուց ավելի:

Հարությունյանը նաեւ հնարավոր համարեց, որ շարունակվի ընդդիմադիր գործիչների վաղաժամկետ ազատ արձակման գործընթացը:

Արձագանքելով Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության ղեկավարի այս մեկնաբանություններին` Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե բացառությամբ ներման խնդրագրերի, ընդդիմադիր գործիչների ազատ արձակման ցանկացած ձեւ կարող է ընդունելի լինել:

«Ես կարծում եմ իշխանության վրա ճնշումները բավականին մեծ են ե՛ւ եվրոպական կառույցներից, եւ ներսից: Իշխանությունը ճանապարհ փնտրում է, բայց անընդհատ ձգձգում է: Ինչքան կարողանան ձգել` այնքան կձգեն: Կարծում եմ, որ հիմա եվրոպական կառույցները դրել են այդ պահանջը: Հատկապես այս վերջին ելույթը, որ ունեցել էր Պրեսկոտը, նույնպես այդ համատեքստից է», - նշեց իրավապաշտպանը:

Մոնիտորինգի հանձնաժողովում Պրեսկոտն անդրադարձել է նաեւ «Ա1+» հեռուստաընկերության խնդրին եւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին: Ինչպես Դավիթ Հարությունյանը նշեց` Պրեսկոտն ասել է, որ Հայաստանը պետք է ավելի արագ տեմպերով զարգանա դեպի ժողովրդավարություն, համարելով, որ երկիրն այդ պոտենցիալն ունի, եւ դա Հայաստանի համար կարող է շատ լուրջ արժեք հանդիսանալ նաեւ տնտեսական զարգացման առումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG