Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 12-ի մամուլ


Երեւանի քաղաքապետարանից Ազատության հրապարակում առեւտուր իրականացնող քաղաքացիներին խնդրել են եւս մեկ շաբաթ այնտեղ աշխատել, մինչեւ տեսնեն ինչ է լինում: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են առեւտրականները: «Թե կոնկրետ ով է խնդրել նրանք դժվարացել ասել», - գրում է թերթը:- «Քաղաքապետարանը Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքներն արգելելու պատրվակ ստեղծելու համար վերջին ամիսներին զանազան միջոցառումներ է հորինում, որոնց շարքում է «Վերնիսաժում» առեւտուր իրականացնող որոշ քաղաքացիների տեղափոխումը Օպերայի տարածք»: Վերջերս առեւտրականները թերթին պատմել են, թե իրենց ասել են, որ մինչեւ նոյեմբերի 10-ն են այդտեղ աշխատելու, քանի որ դրանից հետո Ազատության հրապարակում սկսվելու են «Ոսկե աշուն» միջոցառման փորձերը: Քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Թումանյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ փորձերի ժամանակացույցը դեռ հայտնի չէ:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը երեկ հայտարարեց, որ ինքն ու գործընկերները կենաց-մահու պատերազմ են սկսում լրատվամիջոցների դեմ: Ստեղծագործական յոթ միությունների նախագահների խորհուրդը հիմնել է «Կեղանք» ամենամյա մրցանակաբաշխություն, որի առաջին մրցանակակիրների անունները հայտնի կդառնան արդեն դեկտեմբեր ամսին: «Կեղանք» նշանակում է «քոս», «խոց». այդպիսին կհռչակվեն այն լրատվամիջոցները կամ լրագրողները, որոնք ՙտարվա կտրվածքով ստեղծագործական միություններին վարկաբեկելու, փաստերը խեղաթյուրելու, մշակութային արժեքները խեղաթյուրելու, մշակույթի գործիչներին անվանարկելու ասպարեզում «ռեկորդներ են սահմանել»: Անանյանը մտածել է նաեւ մրցանակների մասին. հաղթողներին տրվելու են դիպլոմներ եւ 1937թ. թողարկված 3 ռուբլիանոցների պատճեններ»: «Այդ ի՞նչ 37 թվականի մասին է խոսում Անանյանը, որը անցյալ տարի հենց իսկապես 37 թվականի ոգով ու տրոյկայի գործելաոճով ՀԳՄ շարքերից հեռացրեց գրականագետի միայն նրա համար, որ վերջինս շարունակում էր քննադատել ու բացահայտել իր գործունեությունը», - գնահատում է թերթը:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու ծրագիրը «բացահայտելուց» անմիջապես հետո շատ լավ հասկացանք, որ բացի յուրօրինակ «բիզնես» շահից կառավարությունն այլ նպատակ էլ ունի: «Լեզվի մասին» օրենքն իրականում խանգարում է ոչ թե օտար լեզուներ սովորելու ձգտում ունեցողներին, այլ սովետական կարոտախտով ապրող բախտախնդիրներին, ովքեր կոմսոմոլի հրահանգչի մտավոր կարողություններով փորձում են հաճոյանալ իրենց տերերին այս անգամ արդեն հայոց լեզվի հաշվին: Ստիպված ենք կրկնել` լեզուն գույք չէ պարտքի դիմաց, լեզուն է մեր ազգային ինքնության միակ երաշխիքը»:

«Իրավունք» թերթին հարցազրույց է տվել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»): Լրագրողի դիտարկմանը, թե Դավութօղլուն հայտարարել է, որ իր պաշտոնավարության ընթացքում բարձրացնելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, եւ հարցին, թե Հայաստանն ինչպես պետք է դիմակայի Դավութօղլուի այդ փորձերին, եւ այդ հարցում ինչ կարելի է ակնկալել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից, Զոհրաբյանը պատասխանում է. - «Մենք լուրջ մոլորության մեջ ենք, որ եթե մեր խնդիրն արդար է, ապա դա պիտի հասկանան ու ընդունեն բոլորը: Բացարձակապես այդպես չէ: Վերջերս Հայաստանում էին Եվրոպական խորհրդարանի մի քանի պատգամավորներ, եւ նրանցից մեկն անկեղծորեն խոստովանեց, որ երբ Եվրոպական խորհրդարանում քվեարկվում էր Կիրիլովի հայտնի բանաձեւը, քվեարկողների զգալի մասը չէր էլ հասկանում, թե իրականում ինչի՞ն է քվեարկում, եւ անգամ կային քվեարկողներ, որոնք Հարավային Կովկասի կամ Լեռնային Ղարաբաղի տեղն էլ չգիտեին եւ հակամարտության մասին որեւէ տեղեկություն չունեին: Այսինքն, այդ մարդկանց հետ պետք է աշխատել, նրանց պետք է ներկայացնել իրողությունը եւ ոչ թե սպասել, որ նրանց մատուցվի սխալ տեղեկատվություն` ամրագրված ադրբեջանական նավթադոլարներով»:

Ազգային ժողովում ՀՀԿ-ի խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը «Առավոտ»-ի հարցազրույցում գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրադրությունը` ասում է. - «Չեմ կարծում, թե կոալիցիայում ընդդիմադիր վիճակ կա: Քաղաքական կուսակցությունները իրենց գործունեությունը իրականացնում են կոալիցիայի հուշագրի շրջանակներում: Ինչ վերաբերում է ոմանց ակնկալած տոկոսներին, դրանք շտապողական են, եւ ժամանակի ընթացքում այդ մասին խոսողները կսկսեն ճանապարհներ փնտրել իրենց իսկ հայտարարություններից հրաժարվելու համար: Մինչդեռ Հանրապետականը այսօր թիվ մեկ քաղաքական ուժն է թե' իր հզորությամբ, թե' իր մարդկանցով եւ թե' իր ռեսուրսներով: Բոլոր ընտրություններում, այդ թվում եւ տեղական ինքնակառավարման մարմինների, մոտ 75 տոկոսով հաղթում են ՀՀԿ ներկայացուցիչները, եւ սա ապացույցն է այն իրողության, որ Հանրապետական ուժեղ եւ հզոր կուսակցություն է եւ նույն քաղաքականությամբ գնալով` բացարձակ մեծամասնություն կունենա թե' խորհրդարանական, թե' նախագահական ընտրություններում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG