Մատչելիության հղումներ

Փաշինյանը կրկին պնդում է, որ կալանավայրում իր նկատմամբ բռնություն է կիրառվել


Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարազատների ահազանգով այս գիշեր «Կոշ» քրեակատարողական հիմնարկ է այցելել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ հանդիպել Փաշինյանին:

Հանդիպման ընթացքում «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը պատմել է, որ գիշերը քնած ժամանակ 2 սեւազգեստ, դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա եւ սկսել են հարվածել: Փաշինյանը նշել է, որ իր վրա հարձակվողները նման են եղել հատուկ ջոկատայինների:

Այնուհետեւ արթնացել են խցում գտնվող մյուս դատապարտյալները` Փաշինյանից բացի այդ պահին խցում գտնվել են 18 դատապարտյալներ: Բարձրացված աղմուկից խուց են մտել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, որոնց Փաշինյանը ներկայացրել է տեղի ունեցածը:

Հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Զարուհի Փոստանջյանը նշեց, թե Նիկոլ Փաշինյանից բացի, գիշերը զրուցել է նաեւ խցում գտնվող մյուս դատապարտյալների հետ: Նրանք հերքել են Փաշինյանի պատմածը, սակայն պատգամավորի փոխանցմամբ` «դա դեռ չի նշանակում, որ Նիկոլի վրա հարձակում տեղի չի ունեցել»:

Ավելի ուշ` Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ տեսակցել է իր պաշտպանյալի հետ եւ նրա վերմակի վրա տեսել է արյան ու կոշիկի հետքեր: Արյան հետքեր առկա են եղել նաեւ Փաշինյանի գիշերազգեստի վրա:

Կատարվածի կապակցությամբ այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կեղծ հայտարարությամբ:

«Քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որեւէ բռնության փորձ չի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Փաշինյանի գիշերային երազների շարքից է: Այս` անլրջության շարքին դասվող հերթական նախաձեռնությունը, մեր համոզմամբ, հետապնդում է ամեն եղանակով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնության պատրանք ստեղծելու անհագ ձգտում», - ասված է արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հաղորդագրության մեջ:

Չնայած նախարարությունը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի վրա հարձակում տեղի չի ունեցել, Կոշ քրեակատարողական հիմնարկը, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի հայտարարության առթիվ այժմ քննություն է անցկացնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG