Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ի մամուլ


Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով երեւանյան մի քանի թերթեր համեմատում են ադրբեջանական եւ հայաստանյան ընտրական իրողությունները:

168 ժամ»-ը գրում է. - «Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրությունները մեզ համար կարող են երկակի նշանակություն ունենալ: Եթե հնարավոր լինի ավելի որակյալ ընտրություններ անցկացնել, ապա ժողովրդավարության վիճակի առումով Հայաստանի Հանրապետությունը կարող է գոնե «զգալի առաջընթաց ապահովել», ինչը չափազանց կարեւոր է ղարաբաղյան բանակցություններում միջազգային հանրության կողմից դրական վերաբերմունքի առումով: Հակառակ դեպքում առնվազն ԱԺ ընտրությունների «հոդվածով» Հայաստանը արժանի տեղ կզբաղեցնի Ադրբեջանի կողքին` վերջինիս հետ ռեսուրսային եւ տնտեսական անհավասարության պայմաններում ընթացող պայքարում չունենալով նաեւ «ժողովրդավարական խաղաքարտ», ինչը մինչեւ 1998 թվականը համարվում էր Հայաստանի հիմնական մրցակցային գործոնը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում: Դատելով արդեն այսօր Հայաստանի Հանրապետության իշխանական շրջանակներից հնչող հայտարարություններից, երկրորդ տարբերակը շատ ավելի հավանական է»:

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես այսօր է ընթանում, ապա Հայաստանում 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները նույնպես կանցնեն հանգիստ, խաղաղ եւ առանց լուրջ միջադեպերի: Որովհետեւ, ինչպես հայտնի է, ընտրությունների արդյունքները կեղծվում են ոչ միայն քվեարկության օրը: Դրանք կեղծվում են այն ժամանակ, երբ որեւէ անկախ հեռուստատեսություն եթեր չունի, երբ պետական ու ուժային բոլոր կառույցները, կրթական հիմնարկները, ինչպես նաեւ էլցանցը, ջրմուղը եւ այլն այսօրվանից աշխատում են իշխող կուսակցությունների հաղթանակն ապահովելու վրա, երբ այսօր արդեն որոշված է, թե ինչպես է բաժանվելու փողը` ոչ միայն ընտրողներին, այլեւ ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց եւ դիտորդներին: Այնպես որ, շատ հնարավոր է, որ առաջիկա ընտրություններում սափրագլուխների, գողականների եւ թաղի խուժանի «աջակցության» կարիքը չի լինելու, մարդիկ ծաղիկներով, փուչիկներով եւ փողային նվագախմբերի նվագակցությամբ կգնան ընտրական տեղամասեր եւ կքվեարկեն «այնպես, ինչպես որ պետք է»: Պրեսկոտի եւ Կոլոմբիեի նման դիտորդները ընտրական գործընթացի վերը թվարկված «մանր թերությունները», իհարկե, չեն նկատի: Հայաստանի ներսում էլ են աշխատում մեր իշխանությունների հետ լիովին «ինտեգրված» պաշտոնյաներ, որպիսիք են Ռաուլ Լյուցենբերգերն ու Սերգեյ Կապինոսը, որոնք կողջունեն ցանկացած ձեւով անցկացված ընտրություն»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ն անդրադառնում է 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող արդեն իսկ ակտիվորեն շրջանառվող կանխատեսումներին. - «Հայաստանում ակնհայտորեն նախընտրական իրավիճակ է: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ եթե արդար ընտրություններ լինեն, ՀՀԿ-ն հազիվ 10-15 տոկոս ձայն հավաքի: Հանրապետականներն էլ ասում են` չէ, այդ դո'ւք հազիվ 10-15 տոկոս հավաքեք, եւ այդպես շարունակ»: «Թե քաղաքական որ ուժը քանի տոկոս ձայն կստանա` քննարկելն անիմաստ է: Գոյություն ունի ընդամենը մեկ հարց. կհաջողվի՞ ոչնչացնել ընտրակեղծիքների մեխանիզմը, թե՞ չի հաջողվի: Խոսքը, ի դեպ, այն մասին չէ, որ ընդդիմությունը պիտի կարողանա ընտրակեղծիքների տարբեր սխեմաների դեմ «շուստրի» հակաքայլեր մտածել, եթե ընտրակեղծիքների մեքենան գործում է, դրա դեմ «խաղ չկա»: Հետեւաբար` խոսքը հենց այդ մեքենան ջարդելու մասին է: Կհաջողվի` ուրեմն կունենանք նորմալ իշխանություններ, չի հաջողվի` ուրեմն կմնանք նույն ցեխի մեջ եւ լավագույն դեպքում արդյունքում կունենանք եւս մի «մարտի 1»», - ամփոփում է թերթը:

«Հայոց Աշխարհ» թերթում կարդում ենք. - «Երեւանի Փակ շուկայի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Նա պատրաստվում է այդտեղ շատ լուրջ վերակառուցման աշխատանքներ իրականացնել ու ժամանակակից պայմաններին համապատասխան առեւտրի կենտրոն ստեղծել: Այդ մասին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Ըստ Գալստյանի, վերակառուցման աշխատանքներն իրականացվելու են ճարտարապետական նախագծին համապատասխան»: «Շենքի արտաքին տեսքը պահպանվելու է, ուղղակի այն հարմարավետ է դարձվելու քաղաքակիրթ առեւտուր անելու համար: Պետք է նաեւ ստորգետնյա կայանատեղի կառուցվի, ինչը խնդիր է այդ շուկայի համար»,- հավելել է խոսնակը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG