Մատչելիության հղումներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը հայկական կրթական համակարգում


Ժամանակակից կրթական ոլորտում տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական նյութը շարժման եւ զարգացման մեջ ցուցադրելու, այն պարզաբանելու համար: Այսօր համակարգչի միջոցով կարելի է ներկայացնել ձայնային եւ տեսագրված հատվածներ, ուսումնական գործընթացը դարձնել տեսանելի, կատարել ավելի արդյունավետ հետազոտություններ:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն անհրաժեշտ են ժամանակակից դասավանդման գործընթացում», - կարծում է Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Լուիզա Միլիտոսյանը, ում համոզմամբ մենք պետք է դուրս գանք կաղապարներից, որոնք խանգարում են մեզ հասկանալ տեխնոլոգիաների անհրաժեշտությունը:

Նոր տեխնոլոգիաները նպաստում են կրթության որակի բարձրացմանը, դրանց կիրառումը որակապես փոխում է դասախոսի դերը, երկար եւ անհրապույր դասախոսություններին փոխարինում են մոր մեթոդներն ու միջոցները:

Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի դոցենտ Արեւիկ Սարգսյանի խոսքով` մեր բուհերը չեն կարողանում նորարար, ժամանակին համահունչ կրթություն մատուցել. - «Չունենք ժամանակակից լաբորատորիաներ, նոր համակարգիչներ, եղած հներն էլ ուսանողները լիարժեք չեն կարողանում օգտագործել», - նշեց նա:

Ուսանողների գիտելիքների ստուգման եւ գնահատման համար էլ կարելի է օգտագործել հատուկ համակարգչային ծրագրեր, որպիսիք Հայաստանում ունեն մեկ-երկու բուհեր:

Խնդիրն առավել սուր է մարզերի ուսումնական հաստատություններում: Մի շարք դպրոցներում քսան աշակերտին բաժին է ընկնում մեկ համակարգիչ: Բուհերում եւ քոլեջներում էլ համակարգչով աշխատում են միայն ինֆորմատիկա առարկայի շրջանակներում:

Այսօր ոլորտի բացը փորձում են լրացնել մի քանի կազմակերպություններ: Օրինակ` Սինոփսիս ընկերությունը համագործակցում է մի շարք բուհերի հետ, կրթաթոշակներ տրամադրում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համագործակցում է 3 բուհերի հետ, անցկացնում է դասընթացներ: Հիմնադրամը Երեւանի պետական, ճարտարագիտական եւ հայ-ռուսական սլավոնական համալսարաններում ստեղծել է ուսումնական ժամանակակից լաբորատորիաներ, որոնք հագեցած են նոր սարքավորումներով:

XS
SM
MD
LG