Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կհրապարակվեն լրտեսական սկանդալի մանրամասներ


Տեսարան Թբիլիսիից
Տեսարան Թբիլիսիից
Ուրբաթ օրը Թբիլիսիում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հանդես կգան պաշտոնական հայտարությամբ` հրապարակելով անցած շաբաթ ծագած լրտեսական սկանդալի որոշ մանրամասներ:

Պատահական չէ, որ վրացական կողմը հենց այս օրն է ընտրել բացահայտումների հրապարակման համար` նոյեմբերի 5-ին Ռուսաստանում նշում են Ռազմական հետախույզի օրը, իսկ վրաց իրավապահները պնդում են, որ իրենց կողմից բացահայտված լրտեսական ցանցը գործել է հենց Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչության հովանու ներքո:

Մինչ օրս այս պատմության շուրջ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել, հայտնի է միայն, որ ձերբակալությունների մեծ մասը իրականացվել է Աջարիայում:

Շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ լրտեսական գործունեության մեջ մեղադրվող անձանցից առնվազն երկուսը Վրաստանի հայազգի քաղաքացիներ են: Բաթումցի գործարարներ Արմեն Գեւորգյանին եւ Ռուբեն Շիկոյանին վրաց իրավապահները մեղադրում են ուժային կառույցների մասին գաղտնի տեղեկատվություն հավաքելու փորձերի մեջ:

Հետագայում հայտնի դարձավ, որ վրացական հատուկ ծառայությունները ձերբակալել են նաեւ Քոբուլեթիում գտնվող հյուրանոցներից մեկի աշխատակից Ռուսլան Գալոգրեին եւ Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեի նախկին թիկնապահ Պետրե Դավրիշաձեին:

Թբիլիսիում կարծիքներ են հնչում, որ վրացական հատուկ ծառայությունների նպատակը ընդդիմության եւ ռուսական հատուկ ծառայությունների միջեւ կապի բացահայտումն է:

«Ըստ ամենայնի, իշխանությունների նպատակը միայն այդ գործակալական ցանցի բացահայտումը չէ, եթե, իհարկե, այդ մարդիկ նման ցանցի անդամներ են: Իշխանությունները նաեւ կփորձեն որոշակի փաստեր հրապարակել, որոնք պետք է ցույց տան ընդդիմադիր ակտիվիստների եւ առաջնորդների կապը ռուսական հատուկ ծառայությունների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում շաբաթասկզբին ասել էր «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Արնոլդ Ստեփանյանը:

Պաշտոնական հետաքննությանը զուգահեռ` վրացական իշխանությունները գրոհի են անցնում նաեւ տեղեկատվական դաշտում: Իշխանություններին մոտ կանգնած «Ռուսթավի - 2» հեռուստաալիքը արդեն մի քանի օր է, ինչ գովազդում է նոր նկարահանված «Էնվեր» վավերագրական ֆիլմը, որը, ըստ հեղինակների, պատմում է վրացական հակահետախուզության հաջողությունների մասին:

«Ռուսական հետախուզությունը վրացական թակարդում: Մեթոդներ, որ ռուսական հետախուզությունը կիրառում է ողջ աշխարհում: Բացահայտվել է ամենամեծ լրետսական ցանցը: Ռուսական հետախուզության լիակատար ֆիասկոն», - նշված է ֆիլմի գովազդում: Վրացական հեռուստաալիքը, սակայն, չի հստակեցնում, թե երբ է ցուցադրելու լրտեսական սկանդալին նվիրված այս ֆիլմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG