Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը համոզված է, որ անհրաժեշտության պահին համակիրների բանակը ավելի մեծ կլինի, քան 2008-ին


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեքշաբթի օրը Վանաձորում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե «այսպես շարունակելու դեպքում իշխանությունները Լեռնային Ղարաբաղը կհանձնեն»:

«Մեր ազգն էլ, մեր պետությունն էլ, Ղարաբաղն էլ թավագլոր գնում են դեպի կործանում: Մեր խնդիրն է դա կանխել, ուրիշ խնդիր չունենք», - ասաց ընդդիմության առաջնորդը, - «Մենք ամեն ինչ անում ենք [այդ խնդիրը լուծելու համար]: Խնդրեմ, եթե կան մարդիկ, որոնք ուզում են օգնել, ավելի ուժեղացնել` թող գան, օգնեն: Մենք միայն շնորհակալ կլինենք»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնեց «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկման հետ, որ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքների մասնակիցների թիվը նվազել է, բայց պարզաբանեց. - «Թող նվազի: Ես վստահ եմ` մեր խնդիրն է պահել այս ջահը, պահել ակտիվը, որը չի կոտրվում, չի նվազում: Աշխարհում, ընդհանրապես, զանգվածները քաղաքականությանը մասնակցում են ընտրությունից ընտրություն: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հրաշք է: Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի բան չկա, որ ընտրությունից 2-2,5 տարի հետո ժողովուրդը, այո, թեկուզ նվազած` էլի գա իր պահանջներին տեր կանգնի»:

Հայաստանի առաջին նախագահը վստահեցրեց, որ անհրաժեշտության պահին համակիրների բանակը կգա եւ շատ ավելի մեծ կլինի, քան 2008 թվականին:

Վերջերս Երեւանում Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, որ մոտ ապագայում ազատ կարձակվեն անազատության մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր գործիչները, եւ կարծիք էր հայտնել, որ Եվրախորհուրդը ուժեղացնելու է ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա: Նախկին նախագահի այդ հայտարարությունից օրեր անց կալանավայրից ազատ արձակվեց ընդդիմադիր Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության Լոռու կառույցի ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը: Այս առթիվ շնորհավորելով Աշոտ Մանուկյանին ու նրա ընտանիքին` Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հայտարարեց, որ իրենց գաղափարակիրների ազատումը կալանավայրերից կշարունակվի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG