Մատչելիության հղումներ

Հայաստանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ներկայացվելիք բանաձեւում առկա ձեւակերպումը


ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական Կարեն Ավագյանի խոսքով, Հայաստանի համար անընդունելի է առաջիկայում Վեհաժողովի քննարկմանը ներկայացվելիք բանաձեւում առկա «յոթ շրջանների օկուպացիա» ձեւակերպումը:

«Ի սկզբանե պրոցեդուրան սխալ է գնացել», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ավագյանը, - «քննարկումը պայմանավորվածության արդյունք է, որը եղել է հանձնաժողովի նիստերից դուրս»:

Նոյեմբերի 12-16-ը Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 56-րդ նստաշրջանը: Նստաշրջանում շրջանառության մեջ է դրվելու Կանադան ներկայացնող պատգամավոր Ռայնլ Անդրեյչուկի հեղինակած 6-կետանոց բանաձեւի նախագիծը, ուր, մասնավորապես, կա այսպիսի ձեւակերպում. - «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությունը եւ նախկին ինքնավար մարզին հարակից յոթ շրջանների օկուպացիան տարածաշրջանի ժողովրդի համար նշանակալի տառապանքների պատճառ են հանդիսացել»:

Պաշտոնական Երեւանը պնդում է, որ դեռեւս մայիսին Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը առանձին հանդիպում է ունեցել վեհաժողովի նախագահ Ջոն Թաների հետ եւ վերջինիս առաջարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ պատրաստել հատուկ մի զեկույց ու այն քննարկել վեհաժողովի աշնանային նստաշրջանում: Սակայն այդ մասին հայկական կողմը իմացել է միայն մեկ ամիս անց: Արդյունքում` հունիսին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ էր հղել Ջոն Թաներին, որում, մասնավորապես, նշել էր. - «Զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության»: Համոզմունք հայտնելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները բանակցային գործընթացը վտանգելու մեծ ներուժ ունեն` Հովիկ Աբրահամյանն իր նամակում հորդորում էր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին «զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»:

Ըստ Կարեն Ավագյանի, պատասխան նամակում Թաները նշել է, թե բանաձեւն իր բովանդակությամբ չի հակասի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացի տրամաբանությանը:

Հարցի առնչությամբ հոկտեմբերի կեսերին Ստեփանակերտում Ավագյանն հանդիպումներ էր ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահի, Ազգային ժողովի նախագահի եւ արտգործնախարարի հետ: Հայաստանյան պատվիրակության առաջարկների մասին նա խոստացավ խոսել գալիք շաբաթ:

«Դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կողմից նման բանաձեւի ընդունումը կարելի է որպես ճնշում հասկանալ հակամարտող կողմերի նկատմամբ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, Հայաստանի ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Մինչդեռ, վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարի համոզմամբ, անգամ եթե բանաձեւն անցնի, այն լուրջ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան բանակցությունների վրա:

«Խորհրդարանական վեհաժողովները խորհրդատվական բովանդակություն են պարունակում, ցանկացած բանաձեւ, որոշում, ոչ մի դեպքում պարտադիր կիրառման պայման չունի», - նշեց Ավագյանը:

«Ես վախենում այսպիսի փաստաթղթերից չվախեցողներից, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող անտեսել միջազգային կազմակերպությունների անգամ խորհրդատվական նշանակության փաստաթղթերը», - հակադարձում է Ստեփան Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG