Մատչելիության հղումներ

«Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչները բերման են ենթարկվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն


Հայաստան -- «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդներ Բայբերս Օրսակը (ձախ), Թունա Բեքլեւիչը (կենտրոն) եւ Ռուդի Մերալը (աջից) Երեւանում` նախորդ այցելություններից մեկի ժամանակ
Հայաստան -- «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդներ Բայբերս Օրսակը (ձախ), Թունա Բեքլեւիչը (կենտրոն) եւ Ռուդի Մերալը (աջից) Երեւանում` նախորդ այցելություններից մեկի ժամանակ
Թուրքական «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը եւ փոխնախագահ Բայբարս Օրսեքը այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը իրենց հնչեցրած հայտարարությունների արդյունքում բերման են ենթարկվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն` պարզաբանումներ տալու համար:

«Նրանք ասուլիսում հայտարարել են, որ հատել են Հայաստանի պետական սահմանը: Դրա համար էլ հրավիրվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն` պարզաբանումներ տալու», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից:

«Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարը այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում եւս մեկ անգամ պնդել էր, որ հոկտեմբերի սկզբին իրենք Ախուրյան գետով հատել են հայ-թուրքական սահմանը:

Հոկտեմբերի 11-ին թուրքական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը, ի նշան փակ սահմանի դեմ բողոքի, խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան: Մինչդեռ, հայ-թուրքական սահմանի պաշտպանությամբ զբաղվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրել էին, որ սահմանը ոչ ոք չի խախտել:

Հակադարձելով ռուս սահմանապահների այս խոսքերին` Թունա Բեքլեւիչը նկարագրեց Ախուրյան գետի կոնկրետ այն կետը, որտեղից, իր պնդմամբ, հատել են սահմանը. - «Այդ տեղը Անիի ավերակներում գտնվող պատմական եռահարկ կամրջից մոտ 150 մետր հյուսիս է գտնվում, դա մի կետ է, որտեղ գետը բավական նեղ է եւ ծանծաղ: Գետի 2 կողմում էլ կոնֆետի թղթեր կային թափված, ինչը նշանակում է, որ այս ճանապարհը օգտագործվող ճանապարհ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG