Մատչելիության հղումներ

Աստրախանյան բանակցություններից Ղարաբաղում բեկում չեն ակնկալում


Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ հանդիպումը Սոչիում, 25-ը հունվարի, 2010թ.
Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ հանդիպումը Սոչիում, 25-ը հունվարի, 2010թ.
Աստրախանում այսօր հանդիպելու են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Առաջիկա հանդիպումից Լեռնային Ղարաբաղում էլ բեկում չեն ակնկալում` վկայակոչելով վերջին մեկ ամսում տեղի ունեցած բացասական զարգացումները:

«Ադրբեջանում սաստկացել է հակահայկական քարոզչությունը, սպանվել է Հայաստանի քաղաքացին, որը պատահաբար ընկել է Ադրբեջանի տարածք: Կրակոցները չեն դադարում: Վերջապես Ալիեւն է իր բազմաթիվ հայտարարություններում ցույց տվել Ադրբեջանի մոտեցումները: Այս ամենը ցույց է տալիս, որ որեւէ բեկում ապահովել այս հանդիպման ընթացքում ուղղակի իրատեսական չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Բաբայանի կարծիքով, Ռուսաստանը պարզապես փորձում է կայունացնել լարված մթնոլորտը. - «Ռուսաստանը տեսնում է, որ կարող է Ադրբեջանի այդ պահվածքն ընդհանրապես բերի անկանխատեսելի հետեւանքների, այդ իսկ պատճառով, իմ կարծիքով, ուզում է այնպես անի, որ բանակցային գործընթացն ինչ-որ ձեւով շարունակվի»:

«Բացի այդ, Ռուսաստանը նաեւ ցույց է տալիս, որ ինքն ակտիվ դերակատարություն ունի բանակցային գործընթացում, եւ, համեմատած այլ պետությունների, ավելի մեծ հնարավորություններ՝ իրավիճակը ինչ-որ ձեւով կայուն պահպանելու ուղղությամբ», - հավելեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը:

Դավիթ Բաբայանը որեւէ փաստաթղթի ստորագրում չի կանխատեսում ոչ հիմա, ոչ էլ դեկտեմբերին՝ Աստանայում:

«Առավելագույնը` Աստանայում համանախագահները կարող է ներկայացնեն իրենց դաշտային առաքելության ամփոփ տվյալները: Այն բոլոր զարգացումները, որ տեղի են ունենում, հիմք անգամ չեն թողնում մտածել, որ կարող է որեւէ փաստաթուղթ ստորագրվել կամ բեկում արձանագրվել ոչ միայն մինչեւ տարեվերջ, այլ՝ տեսանելի ապագայում», - հայտարարեց ԼՂ նախագահի մամուլի խոսնակը:

Առաջիկա հանդիպման վերաբերյալ հայաստանյան իշխանությունների եւ ընդդիմության կարծիքները տարբեր են:

Իշխանությունները ողջունում են ղարաբաղյան խաղաղ բանակցությունները շարունակելու գործընթացում Ռուսաստանի ցուցաբերած ակտիվությունը:

Ընդդիմությունը, մասնավորապես` դաշնակցականները, կարծում են, որ միջնորդները «համոզելու փուլից» փորձում են անցնել «խաղաղության պարտադրման փուլ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG