Մատչելիության հղումներ

Ջոն Պրեսկոտը «բազմաթիվ խնդիրներ» է տեսնում Հայաստանում


Ջոն Պրեսկոտը «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովում: 19-ը հոկտեմբերի, 2010 թ.
Ջոն Պրեսկոտը «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովում: 19-ը հոկտեմբերի, 2010 թ.

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը (Մեծ Բրիտանիա), ով մասնակցում է երեքշաբթի օրը Երեւանում մեկնարկած «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովին, բազմաթիվ խնդիրներ է տեսնում Հայաստանում:

«Հայաստանում մենք բազմաթիվ խնդիրներ ենք վերհանել», - հայտարարեց նա` վկայակոչելով Կառավարության ընդունելությունների տան (որտեղ անցնում է համաժողովը) դիմաց ընդդիմադիրների բողոքի ցույցը:

Նշելով, որ 7-րդ անգամ է այցելում Հայաստան` Պրեսկոտը ասաց, թե «զեկույցներ գրելու համար չէ, որ գալիս են Երեւան». այս տարիների ընթացքում փոխել են օրենքները, Մարդու իրավունքների վերաբերյալ նոր օրենքներ են բերել. - «Դա այն է, ինչ մենք կարող ենք անել»:

Մինչդեռ, նրա ձեւակերպմամբ` «այսպիսի երկրներում մտածում են, թե մենք իշխանություն ենք. պետք է գանք ու թելադրենք, թե ինչ պետք է անել»:

«Դա չէ ժողովրդավարությունը: Մենք չենք կարող դա անել», - ասաց նա` շարունակելով. - «Ժողովրդավարության համար անհրաժեշտ են փոփոխություններ, թափանցիկություն, փոխըմբռնում: Քաղաքացիական հասարակությունը պետք է պայքարի [հանուն ժողովրդավարության] եւ մասնակցի ժողովրդավարության հաստատման գործընթացին»:

Համաժողովում ծավալված քննարկման մասնակիցները, ընդհանուր առմամբ, այսօր անդրադառնում էին Եվրոպայում առկա խնդիրներին ու մարտահրավերներին` նշելով, որ ժողովրդավարությունը միջոց է դրանք լուծելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, իրավական պետություն կառուցելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) ասաց. - «Մեր մոտ, դժբախտաբար, այդ ընկալումը չկա, որ ժողովրդավարությունը ոչ միայն նպատակ է. դա, առաջին հերթին, միջոց է իսկապես երկրում նորմալ կարգեր սահմանելու, որ քաղաքացին իրեն լիարժեք պաշտպանված զգա, կարողանա տնօրինել իր ազատությունները… Հայաստանում, դժբախտաբար, այդ վիճակը չէ»:

Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ոչ մշտական անդամ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ համաժողովի շրջանակներում առաջիկա օրերին կայանալիք քննարկումներում բարձրացնելու է Հայաստանում կոնկրետ դեպքերին առնչով հարցեր:

«Կոնկրետ դեպքերից մեկն էլ այսօր Եվրոպայի խորհրդի անդամ երկրում քաղաքական հայացքների համար բանտախցում գտնվող մարդիկ են, մինչեւ օրս մեղադրյալ աթոռին չեն մարտի 1-ին մարդկանց սպանության մեջ մեղադրվող անձինք», - ասաց Փոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG