Մատչելիության հղումներ

Հայկական կողմը պատրաստվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ներկայացվելիք զեկույցին


ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Կարեն Ավագյանը նախօրեին այցելել է Ստեփանակերտ` քննարկելու Վեհաժողովում ԼՂ հարցով ներկայացվելիք հավանական զեկույցի հարցը:

«Թեեւ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղին առնչվող որեւէ նախագիծ չի ստացել, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստին ընդառաջ, մենք նպատակահարմար համարեցինք Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկել հարցն ու լսել նրանց գնահատականներն ու առաջարկները», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց Ավագյանը:

Մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում, որպեսզի նոյեմբերի 12-ից 16-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ներկայացվի ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող զեկույց:

Կարեն Ավագյանը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահի, ԼՂ Ազգային ժողովի նախագահի եւ արտգործնախարարի հետ. - «Քննարկման հիմնական նյութը հայկական պատվիրակության գործելաոճն էր առաջիկա Խորհրդարանական վեհաժողովում»:

Հավանական այդ զեկույցի առնչությամբ, դեռեւս հունիսին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին նամակ էր հղել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որում, մասնավորապես, նշել էր. - «Զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության»:

Համոզմունք հայտնելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն` Հովիկ Աբրահամյանն իր նամակում նաեւ հորդորում էր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին «զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»:

Կարեն Ավագյանը նաեւ հայտնեց, որ ստացվել է ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահի պատասխանը Հովիկ Աբրահամյանի վերոհիշյալ նամակին:

«Հիմնական բովանդակությունը այն է, որ Մինսկի խմբի համանախագահների եզրակացության հիման վրա է կազմվելու իրենց զեկույցը», - մանրամասնեց հայկական պատվիրակության ղեկավարը:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանելով, նշեց, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կայքում զետեղված` առաջիկա նիստի օրակարգով Ղարաբաղի մասին զեկույց չի նախատեսվում: Այնուամենայնիվ, ըստ նրա, այդ խոսակցությունները մտահոգիչ են` հաշվի առնելով վերջին շրջանում միջազգային տարբեր ատյաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ օգտագործվող «բառամթերքն ու շեշտադրությունը»:

«Պատահականություններ չեն սրանք` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները փոխել են տերմինաբանությունը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում արդեն նշաններ կան, որ փոխվում է տերմինաբանությունը: Սա մի բան է նշանակում, որ Հայաստանը պետք է վերանայի իր այս փափուկ, լսող, հպատակ մոտեցումները ղարաբաղյան հարցում», - հայտարարեց Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG