Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հայկական հանցախմբերը մեղադրվում են ավելի քան 163 միլիոն դոլար շորթելու մեջ


Հայկական հանցախմբերը ԱՄՆ-ում
please wait

No media source currently available

0:00 0:01:18 0:00
Միացյալ Նահանգներում հայկական հանցավոր խմբավորումները մեղադրվում են կեղծ փաստաթղթերի միջոցով առողջապահական համակարգից ավելի քան 163 միլիոն դոլար կորզելու համար, տասնյակ մարդիկ ձերբակալված են։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ` չորեքշաբթի օրը իրավապահ մարմինները հայտնել են, որ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում հիմնադրված ամերիկա-հայկական կազմակերպված հանցախմբերը մեղադրվում են բժիշկների եւ հիվանդների ինքնությունը հաստատող գողացված տվյալների միջոցով դաշնային առողջապահական համակարգից տասնյակ միլիոնավոր դոլարներ խաբեությամբ կորզելու մեջ։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները չորեքշաբթի առավոտյան 20 մարդու են ձերբակալել Նյու Յորքում, ձերբակալություններ են կատարվել երկրի այլ վայրերում, հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի Նյու Յորքի գրասենյակի մամուլի խոսնակ Ռիչարդ Կոլկոն։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալություններ է կատարել Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Նյու Մեքսիկոյում, Օհայո, Ջորջիա նահանգներում, Մայամիում, Ատլանտայում:
Մեղադրանք է առաջադրված 73 մարդու դեմ, այդ թվում Բրուքլինի հիվանդանոցի երկու բժիշկների, որոնք իրենց հիվանդների անհատական տվյալները փոխանցել են հանցագործներին:

Նյու Յորքում դատախազությունը ավելի քան 40 մարդու մեղադրանք է առաջադրել առողջապահական համապետական համակարգից ավելի քան 100 միլիոն դոլար կորզելու համար։

Հայկական խմբավորումները մեղադրվում են բժիշկների ու հիվանդների ինքնությունը հաստատող տվյալները գողանալու եւ նրանց անունները օգտագործելով առողջապահական համակարգից փոխհատուցում կորզելու մեջ` բժշկական չկատարված ծառայությունների համար` իբր բուժում են ստացել երկրով մեկ տարբեր կլինիկաներում, որոնք իրականում գոյություն չունեն. 25 նահանգներում 118 ձեւական հիվանդանոցների կեղծ հաշիվներ են ներկայացվել:

Գործի ծավալները այնքան մեծ են, որ Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարան մամուլի ասուլիսում հայտարարել է, թե «ավանդական մաֆիան նույնիսկ կարող է նախանձել հայ-ամերիկյան այս խմբավորմանը»: Նրա խոսքերով` գումարների չափի, աշխարհագրական մասշտաբների եւ հավակնությունների առումով այդ գործը նոր եւ լուրջ սպառնալիք է միջազգային հանցախմբի կողմից:

Ձերբակալվածների թվում Associated Press-ը նշում է 46-ամյա Արմեն Ղազարյանի, 34-ամյա Դավիթ Միրզոյանի եւ 35-ամյա Ռոբերտ Թերջանյանի անունները: Ըստ գործակալության` Ղազարյանը նախկին Խորհրդային Միությունում հայտնի է որպես «օրենքով գող»: Հաղորդվում է, որ «Պզո» կամ «Քերոբ» մականունով Ղազարյանը համարվում է խմբավորման պարագլուխը:

Ձերբակալվածներից շուրջ երեք տասնյակի ցուցակը տեղադրված է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կայքում: Այստեղ թվարկված են նաեւ նրանց մեղսագրվող հանցագործությունները, որոնց համար սահմանված են խիստ պատիժներ` ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում, դրամական խոշոր` հարյուր հազարավոր դոլարների հասնող տուգանքներ: Հետաքննությունների դաշնային բյուրոն ընդգծում է, որ այդ անձինք անմեղ են համարվում, քանի դեռ դատարանում չի հաստատվել նրանց մեղքը:

The Los Angeles Times-ի վկայությամբ` Հետաքննություների դաշնային բյուրոյի խոսնակ Լաուրա Այմիլերն ասել է, թե ավելի քան 400 գործակալներ են համագործակցել այս գործը բացահայտելու համար, գործ, որը նա բնութագրել է մեքենայություն առողջապահական համակարգում անհատական տվյալներ գողանալու միջոցով։

Նա հայտնել է, որ ձերբակալությունների մեծ մասը կատարվել է Լոս Անջելեսում իրականացված գործողությունում, բայց նշել է, որ դրանք մեղադրանքների մեծ մասը չեն։

Հաղորդագրություններում նշվում է, որ ՄիացյալՆահանգների պատմության մեջ սա առողջապահական համակարգում մեկ խմբավորման կողմից կատարված ամենախոշոր զեղծարարությունն է:

Հինգշաբթի օրը մեկնաբանելով տեղի ունեցածը` Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը ասել է. - «Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Անհրաժեշտության պարագայում, Հայաստանի համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար»:

Երեկոյան հաղորդագրություն է տարածել նաեւ Հայաստանի գլխավոր դատախազությունը:

«Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ հանցագործություն կատարելու կասկածանքով ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների ձերբակալության մասին ՀՀ գլխավոր դատախազությունը ԱՄՆ իրավապահ մարմիններից պաշտոնապես որեւէ տեղեկատվություն կամ իրավական օգնության մասին միջնորդություն չի ստացել: ՀՀ գլխավոր դատախազությունը տվյալ քրեական գործի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցներից: Իրավական օգնության հարցում, միջնորդություն ստանալու դեպքում դատախազությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում համագործակցել եւ աջակցել ԱՄՆ իր գործընկերներին՝ առավել եւս երբ արդեն իսկ կուտակվել է ՀՀ եւ ԱՄՆ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության դրական փորձ՝ հանցավորության դեմ պայքարում», - ասված է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրությունում:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG