Մատչելիության հղումներ

Զինծառայող Սամվել Խաչատրյանի մահվան գործով 7 մարդ է ձերբակալվել


Հայաստան - Զինվորները զորավարժությունների ժամանակ, արխիվային լուսանկար
Հայաստան - Զինվորները զորավարժությունների ժամանակ, արխիվային լուսանկար
Հադրութի զորամասերից մեկում հոկտեմբերի 3-ին մահացած շարքային զինծառայող Սամվել Խաչատրյանի մահվան գործով 7 մարդ է ձերբակալվել. մարտկոցի հրամանատարը, պարտադիր ժամկետային ծառայող 3 սերժանտ եւ 3 շարքային զինծառայող:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ բռնություններ են գործադրել Սամվել Խաչատրյանի նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը: Խաչատրյանի դին հոկտեմբերի 3-ին կախված վիճակում հայտնաբերվել էր զորամասի նկուղում:
Ձերբակալված անձինք կասկածվում են Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ» եւ «Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»:

«Նյութերը ցույց կտան` դա ինքնասպանություն է, թե սպանություն, դա քննության ընթացքից կերեւա», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը` հավելելով, որ նման դեպքերում բոլոր վարկածներն ուսումնասիրվում են:

Սամվել Խաչատրյանը 18 տարեկան էր, զորակոչված էր Արտաշատի զինկոմիսարիատից, սեպտեմբերի 13-ից ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որոշակի կասկածներ հայտնեց ինքնասպանության վարկածի կապակցությամբ` միաժամանակ նշելով, որ նույնիսկ եթե ինքնասպանություն է եղել՝ դա բանակում անկառավարելի վիճակի մասին է խոսում:

«Այսինքն` վիճակն այնպիսին է, որ մարդը որպես ինքնապաշտպանության, կամ ընդվզման միջոց, միակ տարբերակը տեսնում է ինքնասպանություն գործելու մեջ: Այսինքն այլեւս այդ անմարդկային վերաբերմունքը այն աստիճանի է հասել, որ չի կարողանում դիմանալ: Բայց տվյալ դեպքում պետք է պարզել` արդյո՞ք չի եղել սպանություն, որովհետեւ դեպքի նկարագիրը հիմք չի տալիս մտածելու, որ ինքնասպանություն է եղել», - ասաց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG