Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 12-ի մամուլ


Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման մեկամյա տարելիցի կապակցությամբ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Անցել է ուղիղ մեկ տարի: Հայ-թուրքական սահմանը փակ է: Թուրքիան էլ առավելագույնս ներգրավված է (թեկուզ` անուղղակիորեն) ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այսինքն` Թուրքիան իր առջեւ դրած նպատակին հասել է, մենք մեր առջեւ դրած նպատակին չենք հասել: Այլ կերպ ասած` եթե խոսենք «ֆուտբոլային դիվանագիտության» լեզվով, առաջին խաղակեսն ավարտվել է 2:0 հաշվով` հօգուտ թուրքերի: Միակ մխիթարությունն այն է, որ «երկրորդ խաղակեսը» սկսվելու է ոչ միանգամից. մեզ հաջողվել է անորոշ ժամանակով հետաձգել շարունակությունը (թեեւ շտապեցնողների պակաս չկա):»

«Ինչի՞դ է պետք պատգամավոր լինել» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը փոխանցում է հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի հարցն ու պարզաբանումները խնդրի առնչությամբ: «Շատ կուզեի, որ Հայաստանի Հանրապետության իմ հարգելի նախագահը հորդորի օլիգարխներին չընտրվել Ազգային ժողովում: Բնականաբար նա չի կարող արգելել, որովհետեւ ՀՀ քաղաքացին իրավունք ունի ընտրվելու: Բայց հորդորել, որ իրենք զբաղվեն իրենց գործերով, կարող է: Տնտեսական հսկայական գործեր են անում մարդիկ: Չասեմ, ծաղկեցնում, բայց Հայաստանը ոտքի են կանգնեցնում: Բնավ կարիք չկա, որ իրենք խորհրդարանում լինեն: Իրենք կարող են իրենց մարդիկ ունենալ, ինչպես աշխարհում ընդունված է: Ինչ պարտադիր է, եղբայր, որ դուք անձամբ ներկա լինեք: Խորհրդարան ուղարկեք մարդկանց, որոնք, կոպիտ ասած, խորհրդարանի ապրանք են: Մեր խորհրդարանը փոփոխության կարիք ունի: Թե չէ մի տեսակ մրզավազք է, ամեն ինչ ունենք, բա պատգամավոր չլինենք: Այ մարդ, ինչի՞դ է պետք պատգամավոր լինելը»:

Խորհրդածելով հեղափոխության հնարավորության շուրջ` «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հեղափոխությունը բռնակալության անխուսափելի ապագան է, եւ նրանք, ովքեր այսօր շարունակում են ամրապնդել բռնակալությունը, կատարում են ամենամեծ հեղափոխական աշխատանքը: Ընդ որում, որքան ավելի երկար է տեւում բռնակալական կայունությունը, այնքան ավելի է մեծանում անկառավարելի եւ քաոսային իրադարձությունների հնարավորությունը: Մեր քաղաքական գործիչները սովոր են խոսել, մտածել եւ գործել կարճաժամկետ հեռանկարների տեսակետից, ինչն ինքնին մատնում է նրանց քաղաքականության անլուրջ եւ իմիտացիոն բնույթը, որովհետեւ քաղաքականությունը չի կարող իր մեջ ընդգրկել նաեւ երկարաժամկետ հեռանկարների «տեսությունը»: Կարճաժամկետ հեռանկարի տեսանկյունից Հայաստանում հեղափոխություն կարող է լինել կամ չլինել` կախված շատ տարբեր հանգամանքներից, հաճախ` ուղղակի պատահականություններից: Բայց երկարաժամկետ հեռանկարում հեղափոխությունն անխուսափելի է, քանի դեռ պահպանվում է այսօրվա իրավիճակը, այսինքն` իշխանական, տնտեսական եւ այլ լծակների մենաշնորհումը սոցիալական նեղ խմբերի կողմից»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նորմալ չի համարում գազի առաջիկա թանկացման հեռանկարը: «Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, եւ նման դաշնակիցները չեն սահմանափակվում որեւէ ոլորտով», - ասում է տնտեսագետը` շարունակելով. - «Ասում են, թե 330 դոլարը նորմալ գին է, սակայն պետք է հաշվի առնել` ո՞ւմ համար է նորմալ: Դաշնակից եւ ոչ բարեկամ երկրների համար դա, կարծում եմ, նույնը չէ: Եվ հետո, Ռուսաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր չէ: Եթե լիներ` կարող էր պատճառաբանել, թե ԱՀԿ-ն պահանջում է ոչ խտրական, հավասար վերաբերմունք դրսեւորել բոլորի նկատմամբ: Այնպես որ, որեւէ լուրջ հիմնավորում չկա գազի գինը Հայաստանի համար եվրոպական գներին հավասարեցնելու: Առավել եւս, որ ռազմավարական դաշնակցություն կա խիստ սահմանափակ թվով երկրների միջեւ: Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի իր դաշնակից երկրների տնտեսության կայունացման մեջ, նրա համար մեծ շռայլություն չէ գազի գինը մեր երկրի համար ցածր պահելը, որովհետեւ Հայաստանը, համեմատած այլ երկրների, չնչին ծավալով է գազ սպառում»:

«Կապիտալ» օրաթերթը վկայաբերում է Հայաստանի ատոմակայանի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի խոսքը. - «Հոկտեմբերի 16-ին ՀԱԷԿ-ի աշխատանքները 55 օրով կկանգնեցվեն ամենամյա հերթական, ընթացիկ կանխարգելիչ վերանորոգման և միջուկային վառելիքի թարմ խմբաքանակով վերաբեռնման համար»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG