Մատչելիության հղումներ

Հայ պատգամավորները պահանջում են միջազգային գնահատական


Ազգային ժողովի իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերը միացել են ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Եվրախորհրդին ու ԵԱՀԿ-ին ուղղված «Ժառանգություն» խմբակցության դիմումին` պահաջելով խստորեն արձագանքել ադրբեջանական ուժերի կողմից գերի վերցված Հայաստանի 20-ամյա քաղաքացու` Մանվել Սարիբեկյանի մահվան փաստին:

Խորհրդարանականները միջազգային ատյաններից պահանջում են հստակ իրավական եւ քաղաքական գնահատական տալ Սարիբեկյանի մահվանը: Հայաստանի օրենսդիրները այս դիմումով նաեւ մատնանշում են զոհված հայ գերու դիակի փորձաքննությանը միջազգային եւ հայաստանցի փորձագետների մասնակցության անհրաժեշտությունը:

«Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարվել է հանցագործություն, Ադրբեջանի անպատժելիությունը արդեն իսկ արձանագրում է նորանոր բարձունքներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ընդդիմադիր խմբակցությունը նաեւ կարծիք է հայտնել, որ կան բոլոր հիմքերը Սարիբեկյանի մահվան առնչությամբ Մարդու իրավունքների միջազգային դատարան դիմելու համար:

«Սա մի խնդիր է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ուղղակի պարտավոր է հետեւողական լինել, հատկապես, երբ տվյալ պարագայում ակնհայտ է, որ ադրբեջանցիները սպանել են կենդանի եւ առողջ մարդու», - ընդգծեց Սաֆարյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ զինդատախազության համատեղ հաղորդագրության համաձայն, Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հայկական կողմը սակայն կասկածի տակ է առնում այս պնդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG