Մատչելիության հղումներ

Սամվել Բալասանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ


Հինգշաբթի օրը կայացած փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 74 կողմ եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի փոխխոսնակ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Բալասանյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը վերապահված` Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը թափուր էր մնացել սեպտեմբերի 20-ին Արեւիկ Պետրոսյանի հրաժարական ներկայացնելուց հետո: Սեպտեմբերի վերջին կուսակցությունը որոշել էր այդ պաշտոնում առաջադրել Սամվել Բալասանյանին, ով 2003-2007 թվականներին ղեկավարել է Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը, ապա դուրս է եկել այդ խմբակցությունից եւ կուսակցությունից ու վերջերս անդամագրվել «Բարգավաճ Հայաստան»-ին:

Քվեարկությանը չմասնակցեցին «Օրինաց Երկիր» խմբակցության անդամները, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին: «Ժառանգություն» խմբակցության անդամները եւս չքվեարկեցին, թեեւ այդ մասին խմբակցությունը միասնական որոշում չէր կայացրել: Դաշնակցությունից քվեարկությանը մասնակցեցին ոչ բոլոր պատգամավորները:

Թեկնածուի առաջադրմանը հաջորդած քննարկման ընթացքում Սամվել Բալասանյանին որեւէ հարց չտրվեց:

«Մենք բոլոր պատասխանները գիտենք, ըստ էության», - քվեարկությունից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` արձագանքելով այն հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիրները որեւէ հարց չտվեցին թեկնածուին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ձ) եւ ԱԺ-ի նորընտիր փոխնախագահ Սամվել Բալասանյանը
«Արեւիկ Պետրոսյանի աշխատանքի մասին` աշխատանքի առումով, ես բան չունեմ ասելու. նա շատ գրագետ, պատրաստված էր: Բայց կուսակցական աշխատանքներով` Հայաստանում ոչ մեկը չգիտեր, որ Արեւիկ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ներկայացնում, որ նա պետք է համապատասխան կուսակցական նշանը դոշին լիներ, կուսակցության անունից որեւիցե ծրագրի մասին խոսեր եւ մեր նախաձեռնությունների մասին խոսեր: Այդ է խնդիրը եղել», - քվեարկությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Երկուշաբթի օրը ելույթ ունենալով Ազգային ժողովում, Արեւիկ Պետրոսյանը բացարձակապես չէր հիշատակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը` հիմնավորելով, որ խորհրդարանի ամբիոնը կուսակցության խնդիրներ բարձրացնելու համար չէ:

Գագիկ Ծառուկյանն այսօր հակադարձեց` «բա խորհրդարանը ինչի՞ համար է, եթե քաղաքական հարցեր բարձրացնելու չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG