Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը հետաձգվեց


Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը
Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը

Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի օրը արտահերթ կարգով քննարկեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին:

Ընդդիմադիր կուսակցությունը, սակայն, ստիպված եղավ հետաձգել օրինագծի քվեարկությունը` հանդիպելով քաղաքական մեծամասնություն կազմող ուժերի դիմադրությանը: Ավելի վաղ օրինագծի վերաբերյալ բացասական կարծիք էր հայտնել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Կառավարությունը եւս նպատակահարմար չի գտել օրինագիծը այս պահին քննարկելու:

Կայացած քննարկումներից հետո, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ քաղաքական մեծամասնություն կազմող ուժերի հորդորների արդյունքում` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկեց օրինագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ Ազգային ժողովի հաջորդ քառօրյա` հոկտեմբերի 25-ից 29-ը:

«Քանի դեռ Մինսկի խմբի ձեւաչափով են ընթանում բանակցությունները, մենք պետք է համբերատար լինենք», - խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը պարզաբանեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Շիրակ Թորոսյանը:

Իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց Երկիր», «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների քարտուղարները հայտարարեցին, որ օրինագծի ընդունումը ժամանակավրեպ է:

Ազգային ժողովի խոշորագույն` Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հորդորեց «Ժառանգություն» խմբակցությանը ետ կանչել նախագիծը:

Ազգային ժողովի մյուս ընդդիմադիր ուժի` Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, սակայն, հայտարարեց, որ դաշնակցությունը պատրաստ է կողմ քվեարկել օրինագծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG